вторник, 15 июля 2014 г.

Սոնա: Ջոշուայի նոր ընկերը


Լոբիով ապուրը արդեն զզվեցրել էր բոլորին: Համով էր, ինչո՞ւ պիտի համով չլիներ, բայց ինչպես ասում էր իրենց հարևան Սիմոնը՝ մի կնոջը չես կարող հավատարիմ մնալ, ինչպես չես կարող ամեն օր ուտել նույն ապուրը: Ու Մարիամը ճարահատյալ նայում էր զամբյուղում եղած բանջարեղենին՝ փորձելով հասկանալ, ինչ կարելի է անել: Ամուսինը լուռ ու խոժոռ ամեն օր ուտում էր այդ նույն ապուրը ու երևի թե հավատարիմ էր իրեն: Բայց Ջոշուան: Ջոշուան սկսեց դժգոհել, ու դա տարօրինակ էր: Առհասարակ տղան մոր ճաշերը երբեք չէր քննադատում. ինչ տալիս էին, ուտում էր, կամ էլ չէր ուտում, եթե չէին տալիս: Այդ չէր խնդիրը: Ջոշուան անհանգստանում էր մոր երևակայության համար, ու հիմա Մարիամը լարված տնտղում էր խոհանոցի զամբյուղը՝ մատների հետ աշխատացնելով իր երևակայությունը:
«Եթե մի երկու սոխ ավելացնեմ, ինչ-որ տարբերություն կլինի՞։ Այ թե համեմունք լիներ, նույն լոբիով ճաշը հազար անգամ ավելի համեղ կլիներ»։ Այդ միտքը ճակատագրական եղավ լոբիով ապուրի համար, որովհետև Մարիամը հանկարծ հիշեց, որ տանիքում մի տուփ արաբական համեմունք ունիՀովսեփն էր ինչ-որ տեղից բերել։ Ուրախացած, որ այժմ կարելի է հանգիստ լինել սեփական երևակայության և ամուսնու հավատարմության համար, դուռը բացեց, որ դուրս գա, ու քիչ էր մնում սիրտը ճաքեր վախից։
Դուռը բացվելուն պես ներս մտավ մի շատ սարսափելի արարած։ Երիտասարդ էր, Ջոշուայի տարիքին կլիներ։ Բայց մի աչքը փակ էր, կոտրված մեջքին սապատ էր գոյացել, կաղում էր երկու ոտքից, լայն ժպիտի մեջ բացակայում էին ատամները, չար հայացք ուներ։ Ու դա էր սարսափեցնում։ Այն, որ աշխարհում կան և հաշմանդամներ, և սապատավորներ, հայտնի է բոլորին, բայց որ Ջոշուայի տարիքի մի տղա կարող է այսքան չար աչքեր ունենալ, դա Մարիամի համար անհնար մի բան էր։
Մինչ վախեցած նայում էր տղային, հայտնվեց Ջոշուան։
-Մայրիկ, ուտելու բան կա՞։
-Լոբիով ճաշը, - կմկմաց Մարիամը՝ շերեփը ձեռքն առնելով։
-Լոբիով ճաշ կուտե՞ս, - ժպտաց Ջոշուան նոր ընկերոջը ու տարավ նստեցրեց սեղանի մոտ։ - Կուտի, սոված է։ Շատ լցրու, ես այսօր չեմ ուտի։
․․․
Հետո ճաշում էր։ Ագահ կուլ էր տալիս լոբեհատիկները, աղմուկով ծծում ապուրը ու գոհ ճպպացնում։ Ջոշուան հիացած նայում էր ընկերոջը, մեկ-մեկ էլ մորը աչքով անում։
Մարիամը դեռ վախեցած էր, միևնույն ժամանակ մտածում էր, որ արաբական համեմունքով տուփը այպես էլ մնաց կտուրին, ու որ հազիվ թե նոր ապուր կեփի մինչև Հովսեփի վերադարձը։ Այ թե չի կարողանա հանդիմանել ամուսնուն, եթե այս գիշեր գնա պոռնիկների թաղամաս, էնտեղ, ասում են, հաճախորդների գոնե միրգ են հյուրասիրում։ Մյուս կողմից էլ Ջոշուայի վրա էր բարկանում։ Տղան բոլորովին սանձերը կորցրել էր։ Հովսեփը նույնիսկ ուզում էր մի լավ դնգստել նրան, բայց Մարիամը ամեն անգամ չէր թողնում։
Ջոշուան հրեշտակ էր, ու դա բոլորը գիտեին։ Բոլորին օգնում էր, էլ չես իմանա, որտեղից նրան այդքան եռանդ ու պատրաստակամություն։ Գամաղայում նույնիսկ ամենաբարի մարդիկ չոր ու կոպիտ էին դառնում՝ սեփական հացի խնդիրը լուծելու անկարողությունից։ Իսկ Ջոշուան՝ ոչ։ Ինքն էլ կարծես շատ լավ հասկանում էր, որ միակն է այդպիսին, և որ իրեն դնգստել չի կարելի, դրա համար ուզածն անում էր։ Խելացի բաներ էր ասում, շատ խելացի, ու ինքն էլ գիտեր, որր խելացի բաներ է ասում, տեսնում էր, ոնց են նրա ինքնամոռաց ճառերից հետո հայրն ու մայրը բերանները բաց իրեն նայում։ Ծիծաղում էր իր խեղճ, ծերացող ծնողների վրա ու էլի խելքին եկածն անում։ Ահա, առանց զգուշացնելու մի նոր անտուն է բերել, կերակրում է, հիացած նայում, ու թե ինչ լավ բան կա այս սարսափելի երիտասարդի մեջ, միան ինքը կիմանա։
Ջոշուան մեկ էլ աչքով արեց մորը ու մի կտոր հաց էլ դրեց նոր ընկերոջ ափսեի կողքը։ Երիտասարդը ագահությամբ խժռեց այն։ Ու այդ ժամանակ Մարիամը մտածեց, որ իրականում Ջոշուան ընկեր չունի։ Ու մտքում սկսեց աղոթել, որ այս անծանոթ երիտասարդը հանկարծ չդառնա իր հրեշտակ որդու առաջին ընկերը։
Երբ անկոչ, կամ գուցե ոմանց համար՝ կոչված հյուրը վերջացրեց իր ճաշկերույթը, Ջոշուան անհաբեր հավաքեց ափսեները, հետո ծնկների վրա նստեց աթոռին ու ասաց
-Դե հիմա մորս պատմիր քո մասին։
-Ի՞նչ պատեմ, - իր անատամ ժպիտը ցուցադրեց երիտասարդը։ - Դե որ անունս Բրիկա-Սրիկա է, այդ բոլորը գիտեն։ - Ու սկսեց ծիծաղելկարծես խեղդվում էր իր այդ ծիծաղով։
-Բրիկա՞, այդ ի՞նչ տարօրինակ անուն է, - կամաց ասաց Մարիամը։
-Դե հիմա, մորաքույր, մայրիկս երևի հարբած էր, երբ ինձ էդպես կոչեց։ - Ու էլի ծիծաղեց։
Մարիամը բարկացավ
-Ես քեզ ի՞նչ մորաքույր։
-Ճշմարիտ ես, դու իսկական գեղեցկուհի ես, գուցե մենք քո հետ դեռ կհասցնենք․․․ Հը՞, ի՞նչ կասես։
Մարիամը վախից ու ջղայնությունից սառեց։ Բայց Ջոշուան ձեռքով արհամարհական ժեստ արեց ու արագ միջամտեց
-Դե վերջացրու՛։ Ինչո՞ւ ես ուզում բոլորին ցույց տալ, որ դու ավելի վատն ես, քան կաս։
-Իսկ դու ինչո՞ւ ես կարծում, որ նա ավելի լավն է, քան կա, - չդիմացավ Մարիամը։
-Տես է՜, ինձ ջրի երես հանեց, - նորից ծիծաղեց Բրիկան։ - Հետո էլ կասեն, որ կանայք հավերի պես կարճ խելք ունեն։ Փաստորեն տղամարդիկ դա հորինել են, որ վիճելու կարիք չունենան։
-Տես ինչ խելցի է, մայրիկ, - Ջոշուան անկեղծորեն հիանում էր հյուրով, ու դա Մարիամին ավելի էր բարկացնում։ - Միայն թե, գիտես, մայրիկ, Բրիկան ասում է, որ բոլոր մարդիկ չար են։
-Իր արշինով է չափում, - կտրեց Մարիամը։
-Այ քեզ խելացի կի՜ն, - իր խեղկատակությունն էր շարունակում Բրիկան։
-Չէ՜, պարզապես նոր է բանտից դուրս եկել, - Մարիամին այդ էր մնում պակաս, - այնտեղ նրան մի լավ դաս են տվել, ինքն էլ կարծում է, որ դա անարդար է։
-Դա՞ս են տվել, - Բրիկան նորից խեղդվեց իր անճոռնի ծիծաղով։ - Սիրելիս, դու սիրունիկ մռութիկ ունես, դրա համար հեշտ ես խոսում։ Եթե քեզ էլ ինձ պես անճոռնի ճուտիկ դարձնեին, ուրիշ երգ կերգեիր։
-Քեզ խելոք պահեիր, չէին ծեծի, - ժպտաց Ջոշուան։ - Ու հետո, մի բան ասեմ։ Ես մարդկանց ծուռ կամ ուղիղ մռութիկներին, ինչպես դու ես ասում, չեմ նայում, ես շատ ավելի խորն եմ նայում։
-Օ հին ու նոր բոլոր աստվածներ, հետո էլ կասեն, որ այս այլասրեվածը սուրբ է, - ասաց Բրիկան՝ իբր մտահոգված նայելով շալվարին։
Դա վերջն էր։ Մարիամը կարմրեց ամոթից ու զայրույթից։ Ուզում էր հենց նույն վայրկյանին դուրս շպրտել այդ ավազակին, բայց ինչ ճիշտ էր, ճիշտ էրհարևանները Ջոշուային սուրբ էին համարում, ու մայրը չէր ուզում ստվեր նետել որդու բարի համբավի վրա՝ հյուրընկալության կանոնները խախտելով։ Ահա և սեփական հարկի տակ ընտանեկան սուրվ ունենալու վատ կողմերից մեկը:
Ջոշուան կարծես բոլորովին չվիրավորվեց Բրիկայի ասածներից։
-Գնանք, առանձին խոսենք։ Գրազ, երեկոյան դու բոլորովին այլ մարդ ես լինելու, - ժպտաց նա։ Ինչ գեղեցիկ էր նրա ժպիտը։
-Մորաքույր, քո որդին հաստա՞տ իր հյուերին չի ծեծում, թե չէ ինչ իմանամ, առանձին խոսելը որն է։ - Ինչ տգեղ էր Բրիկայի ժպիտը։
-Հանգիստ եղիր, եթե ուզենամ քեզ ցավ պատճառել, բռունցքների կարիքը չեմ ունենա, դրանից ավելի սարսափելի բաներ կան, եթե չգիտես, - Ջոշուան արդեն բոլորովին լուրջ էր խոսում, ու Բրիկան ակամայից զգաստացավ։
-Ո՞ւր ենք գնում, - հարցրեց ու լուռ հետևեց տանտիրոջը։
․․․
Հովսեփին մնաց այն նույն լոբիով ապուրը։ Արաբական համեմունքով տուփն այս անգամ էլ չբացվեց ու մնաց անձեռնմխելի։ Ուշ էր, իսկ ամուսինը չէր վերադառնում, ու Մարիամը չէր հանդիմանում նրան։
Ջոշուան ու Բրիկան ներս մտան։ Տղան իրոք փոխվել էր։ Ջոշուան էլ մի քիչ հոգնած տեսք ուներ։
-Մայրիկ, էն հրաշագործ քսուքից դեռ մնացել է, թե չէ Բրիկայի ոսկորները դեռ ցավում են։
-Չի մնացել, դու վերջին բաժինը կաղ Զադոյին տվեցիր։ Ասում են, օգնեց։
-Դա լավ է։ Դե Բրիկային գոնե հատապտղով քո թեյից տուր։ Ինձ թվում է դա էլ կօգնի։
-Հայրդ պիտի հատապտուղ բերեր։ Դեռ չի եկել։
-Ուրեմն ջուր տուր։ - Ջոշուան նայեց Բրիկային։ - Ջուրը լավ է, ջուրը կօգնի։
Բրիկան ագահորեն լակեց ջուրը։ Երևի միայն նա կարող էր այդպես անել։ Հետո հարցրեց
-Իսկ որտե՞ղ է սիրասուն հայրիկը։ Ինչո՞ւ է այսքան ուշանում։
-Բարեկամի տուն է գնացել, - ինքն էլ չհասկացավ ինչու՝ ստեց Մարիամը, - միրգ ուտելու։
-Սուտ են ասում, - լուրջ պատասխանեց Բրիկան, - այնտեղ ոչ մի միրգ էլ չեն տալիս։ Ու հետո այդ կովերը սիրուց բան չեն հասկանում։
-Թե դո՛ւ ի՞նչ գիտես, սերն ինչ է, - Մարիամը հունից դուրս եկավ արդեն։
-Գիտեմ, մորաքույր, հավատա, գիտեմ, - լուրջ ասաց Բրիկան։
-Ու գիտի, ինչպես է լինում, երբ սեր չկա, - տխուր ասաց Ջոշուան։ - Ես էլ հո ծնվածս օրվանից դա եմ ասում։ Բայց դուք ինձ չեք  հասկանում։ Ձևացնում եք, որ հասկացել եք, բայց որ հասհակցած լինեիք, վաղուց արդեն էսպես չէր լինի։ - Հետո աչքերը բարձրացրեց, նայեց մորը։ Կարծես խնդրում էր, որ մի քիչ ավելի լավ աչքով նայի հյուրին։ - Պատմիր, Բրիկա։ Թող մայրս լսի։
Բրիկայի պատմությունը երկար չտևեց։
-Հայրս հարբեցող էր։ Կնոջը ջարդ տալուց բացի ուրիշ ոչինչ չէր տալիս, հրաժարվում էր ցանկացած տեսակի պատասխանատվությունից։ Իսկ դրանից վատ բան, երևի, լինել չի կարող։
Մայրս սուրբ կնիկ էր։ Ասում էլ էին, որ դեռ կույս էր, երբ ինձ բերեց։ Բայց դե ես նման բաների չեմ հավատում։ Ինքս աղջիկներին սիրում եմ, լավ գիտեմ՝ ոնց են երեխաներ սարքում, բայց դե ինչի համար, մինչև հիմա չեմ հասկացել։ Մեր թաղի տղամարդիկ էլ գիտեին։ Դրա համար իմ ծնվելուց հետո մեկը մյուսի հետևից սկսեցին մորս մոտ գալ։ Հայրս վաղուց արդեն լքել էր մեզ։ Էն կովերին ավելի շատ էր սիրում, քան մորս, երևի խոստացած մրգին հավատում էր, ապո՛ւշը։ Մայրս մեննակ էր, վախենում էր, հիմնականում իմ համար էր վախենում։ Դրա համար էլ լուռ ծեծ էր ուտում ու մնացած ամեն ինչը։ Շատ արագ բոզ սարքեցին իրան։ Ձեռք առնելով՝ Կույս էին անվանում, իրենց թվում էր, որ շատ սրամիտ են։ Բայց դե եթե ուզում եք իմանալ, ինձ համար մեկ է՝ կույս էր ինքը, թե չէ։ Ինքը սուրբ կնիկ էր։ Էս աշխարհում իրանից բարի երևի մեկ էլ քո տղան է, էն էլ թող մորս տեսածի չափ տեսնի, նոր կխոսանք։
Մի օր էլ եկավ մեկը, ասեց, որ մոլորվել է, խնդրեց, որ մայրս ճանապարհ ցույց տա։ Մայրս ճակատս համբուրեց, տնից դուրս եկավ ու էլ հետ չեկավ։ Ես էլ իմ կարճ խելքով մտածեցի, որ ինձ լքել է։ Ասեցի՝ դե որ էդքան վատն եմ, ավելի վատը կլինեմ։
Սկսեցի գողություն անել։
Մեր քաղաքում անտուն երեխաները շատ էին ու բոլորն էլ գողություն էին անում, էլ ի՞նչ պիտի անեին։ Բայց եթե մյուսների համար դա մի կերպ սովից չսատկելու միջոց էր, իմ համար՝ մարդկանց վնաս հասցնելու լավ առիթ։ Ինձ մի աչքով մի նայեք, շատ լավ եմ գողություն անում, ոնց որ իսկական պոետ։ Բայց դե գողությունը անմեղ զբաղմունք է իրականում, ոսկին ու արծաթը միևնույն է տեր-մեր չեն ճանաչում, իրենց համար մեկ է։
Հետո էլ մի օր իմացա, որ մորս էն գիշեր սպանել էին։ Հանկարծ ինձ մեղավոր զգացի արածս բոլոր գողությունների համար ։ Ախր եթե մայրս ինձ չէր թողել, ուրեմն ես չարանալու պատճառ չունեի։ Չնայած, դրանից ավելի շատ չարացա։ Մի կողմից չափից շատ էի ինձ մեղադրում ու դա ինձ դուր չէր գալիս, մյուս կողմից ուզում էի վրեժ լուծել։ Սպանեցի։ Բոլորին։ Ընդ որում մինչև հիմա չգիտեմ, ու չեմ էլ իմանա՝ ճիշտ մարդկանց եմ սպանել, թե ուղղակի էն ժամանակ ականջիս պատահական անուններ էին փսփսացել։
Հետո էլ հորս սպանեցի։ Ինքը ինձ չճանաչեց, ու դա ավելի էր կատաղեցնում ինձ։ Հիմա եմ մտածում, որ գուցե այդ մարդն էլ հայրս չէր։ Գուցե հայրս վաղուց արդեն սատկել է ինչ-որ մեկի ցանկապատի տակ։ Մեկ է…
Վրեժ լուծելուց է սկսվում ։ Հետո արդեն չես կարող կանգնել։ Ավազակախումբ մտա։ Հետո գլխավորին սպանեցի, ինքս դարձա պարագլուխ։ Հետո էլ մի ուրիշ, իմ պես լակոտ, ոստիկանության ականջին որոշ բաներ փսփսաց։ Երեսուն թե քառասուն արծաթ դրամ վերցրեց անասունը, չեմ էլ հաշվել, չնայած հաշվել չգիտեմ։ Ու էդքանի համար մատնեց ինձ։ Շուկայում մոտեցավ ու իր կեղտոտ բերանով սկսեց լպստել թուշս։ Ես միայն կանանց համբույրներն եմ ընդունում՝ ինչ ուզում է կին լինի։ Իսկ տղամարդը չպիտի տղամարդուն լպստի։ Բայց դե էդքանը բավական էր։ Ինձ ձերբակալեցին, տարան բանտ, ու ոնց որ Ջոշուան է ասում, մի լավ դաս տվեցին։ Արդեն հաշմանդամ եմ, արդեն ինձ Սատանու ճուտ են ասում, իսկ ես տասնհինգ թե տսնվեց տարեկան եմ, չեմ հաշվել։
Բայց դե գիտես, Ջոշ, էստեղից որ դուրս գամ, առաջին հերթին ինչ եմ անելու։ Էդ անասունին մոռթելու եմ։ Էնպես, որ մեծ կտորը ականջը մնա։
-Դու էլ ոչինչ չհասկացար, Բրիկա, - մեծավարի հառաչեց Ջոշուան։ - Ի՞նչ էի ես ասում ձախ այտի մասին։
-Ես ամեն ինչ էլ հասկացա, բայց էդպես չեմ անելու։ Ինչ որ դու ասում ես, լավ բան ես ասում, բայց եթե միայն ասում ես։ Կյանքում էդպես վարվելը հնարավոր չի։  
Մարիամը գաղտագողի սրբեց արցունքները։
-Ջոշուա, տղաս, եթե ես էլ շուտ մահանայի, դու էլ ավազակ կդառնայի՞ր, - ինքն էլ չհասկացավ՝ ինչու այդ հարցը տվեց։
-Երևի, մայրիկ։ Կամ էլ թե՝ չէի դառնա։ Ի՞նչ իմանամ։ Բայց ոչ մեկին չեմ ցանկանա նման բախտ։
-Դե ես էլ ինձ նման բախտ չէի ցանկանում, - ատամները կրճտացրեց Բրիկան։ - Լավ, էլ ձեր գլուխները չտանեմ։ Գնամ։  - Հետո նայեց Մարիամին։ - Իսկ քո ամուսինը հիմար է, եթե դավաճանում է քեզ։ Որովհետև դու իրոք կույս ես ծնել։
-Ինքը գիտի, - արցունքները հազիվ զսպելով՝ ասաց Մարիամը։
-Գիտի ու չի՞ գնահատում։
-Գնահատում է։
-Դե լավ։ Ես գնամ։ Ջոշ, դու ասում ես, ամեն ինչ գիտես։ Գիտե՞ս, մենք էլի կհանդիպե՞նք։
-Կհանդիպենք, Բրիկա։ Պարզապես դու անունդ փոխած ես լինելու, ես էլ արդեն մականուն կունենամ։
-Իսկ որտե՞ղ ենք հանդիպելու։
-Գողգոթայում։
-Էդ ի՞նչ տեղ է։
-Մի փոքր սար է, Երուսաղեմի մոտակայքում է։
-Ասում են, Երուսաղեմը հարուստ քաղաք է։
-Շա՜տ։ Երեսուն արծաթն էնտեղ ի՞նչ է որ։
-Դե լավ։ Ուրեմն ես հանգիստ խղճով կգնամ։ Ցտեսություն, Ջոշ: Մնաս բարով, մորաքույր։
․․․

Հովսեփը ողջ գիշեր Գամաղայի մոտակա անտառում փասիան էր որսում։ Մտածում էր, որ գոնե հաջորդ օրը կինը լոբու հատիկները չի հաշվելու։ Կտուրին պահած արաբական համեմունքի մասին էլ էր հիշում ու ակամայից լպստում էր շուրթերը։ Համով էր լինելու։

пятница, 11 июля 2014 г.

Ջենթլմեն


Նորից եղբորս սև կոստյումն եմ հագել, նայում եմ սրահի դիմացի պատից կախված հայելուն: Նորից հագովս է: Ինքը սա մեր ծնողների թաղմանն էր հագել: Իսկ ինձ այն ժամանակ մեր սենյակում էին փակել, որովհետև սև կոստյում չունեի…
Մի լսեք, հիմարություններ եմ դուրս տալիս: Ճիշտն ասած քեֆս մի քիչ լավ է, դրա համար է սովորաբար քարկապ ընկած լեզուս բացվել: Էդպես մի նայեք: Տխուր եմ, տխրելու առիթ ունեմ, բացի այդ կյանքումս առաջին անգամ եմ մտել գինետուն, առաջին անգամ է անծանոթ մի պչրուհի, որ ծերությունն ու բնությունից գեղեցիկ մռութով օժտված չլինելու փաստը ծածկում է շպարի հաստ շերտի տակ, այ այս տարօրինակ արարածը կյանքումս առաջին անգամ է իր ճարպոտ ձեռքերը վզովս քցել ու լպստում ականջս. էլ չգիտի, որ այտին հասնելու համար պետք է մի քիչ աջ թեքվել, էլ չեմ խոսում շուրթերի մասին: Բայց մի շեղվեք, ես ուրիշ բան էի պատմում:
Ինձ թաղում չտարան, որովհետև չափից դուրս փոքր էի դրա համար: Առհասարակ եղբայրս ինձ վերաբերվում էր՝ որպես հավասարի, ու մտքովս անգամ չէր անցնում, որ փոքր եմ: Այդ օրվանից մեծանալու մոլուցքով հիվանդացա: Ամեն օր հագնում էի եղբորս թաղման կոստյումը և կանգնում հայելու առաջ: Մեծ էր: Ու չէր փոքրանում:
Հիմա էլ հո հագովս է, բայց դե հիմա գիտեմ, որ մեծ լինելը կոստյումով չի որոշվում:
-Հա՞, ի՞նչ ես ասում, ծերացած գեղեցկուհի: Խմե՞նք: Ո՞ւմ կենացը: Ի՞մ: Չէ, արի ընկերոջս կենացը խմենք: Ձեր կենացը, ընթերցող-սան:
…Ես ծնվեցի մեծ աչքերով ու մեծ երազանքներով: Ու հայտնվեցի փոքրիկ սենյակում՝ նեղ պատուհաններով ու միակ դռնով: Այդ դռնով միայն մորս էր թույլատրվում մտնել, էն էլ միայն կերակրելու, մեկ էլ երբ հուսահատ միայնությունից ձայնս գլուխս էի քցում` ինձ օրորելու, այլ կերպ ասած՝ լռեցնելու համար: Դա երեխային ճիշտ դաստիարակելու միակ ճիշտ ձևն էր, ըստ ինչ-որ հին ու խելացի մեթոդիկայի: Հետո, երբ մի քիչ մեծացա, իմ սենյակ թողեցին եղբորս: Ինքն էլ մեծ աչքեր ուներ, բայց երազանքներ չուներ, միայն նպատակներ, որոնք օրերից մի օր անպայման պիտի իրականություն դառնային: Ինձ նայում էր զարմացած, մի քիչ էլ հիացած:
Ես այն ժամանակ կարգին չէի խոսում, միայն առանձին բառեր էի արտտաբերում, այն էլ սարսափելի արտասանությամբ: Ծնողներիս այդ թոթովանքը չէր հետաքրքրում, նրանց հստակ մտածված ու կանոնակարգված ինֆորմցիա էր պետք: Ասենք, պիտի ծնվեի ու զինվորական ճշգրտությամբ միանգամից ասեի՝ անունս Սասկե է, Ուչիհա տոհմից եմ, զրո տարեկան եմ, պատրաստ եմ ծառայել հայրենիքիս: Լավ, էլ չեմ բողոքում, տեսնում եմ, որ ծնողներիս հանդեպ անհարգալից վերաբերմունքս ձեզ վրդովեցնում է: Կասեմ միայն, որ եղբորս հիացած հայացքը ինձ օգնեց հասկանալ, որ չեմ ծնվել միայն բարուրի մեջ ձանձրանալու և չմեռնելու համար կաթ կուլ տալու համար:
Այդպես տեղափոխվեցի եղբորս սենյակ: Նա ամբողջ օրը տունը չէր, այնպես որ էլի մենակ էի: Ժամանակ առ ժամանակ մայրս էր մտնում, կերակրում, ստուգում տակդիրս ու սարսափելի զարմանում, երբ պարզվում էր, որ սավանը թրջել եմ: Մեկ էլ առավոտները հայրս էր մտնում սենյակ, խիստ հայացքով նայում ուղիղ աչքերիս մեջ, բազմիմաստ բարձրացնում ձախ ունքը, ջղային հառաչում ու դուրս գալիս սենյակից: Թե ինչ էր ուզում դրանով ասել, չգիտեմ, ու երբեք էլ չեմ իմանա: Երևի հայրս կարծում էր, որ իսկական տղամարդ կարելի է մեծացնել միմիայն սիրո իսպառ բացակայության պայմաններում:
Բայց գիշերը պատուհանը բացվում էր, ու ներս էր մտնում եղբայրս: Ես բնազդորեն երկու րոպե շուտ էի արթնանաում ու աչքերս պատուհանից չէի պոկում: Նա մտնում էր՝ փայլեցնելով աչքերն ու գոտուց կախված թուրը, անձայն, ինչպես կատու, անցնում սենյակի ճռճռան հատակով, մոտենում մսուրիս ու մատը շուրթերին մոտեցնում, կարծես թե գաղտնի է եկել ու հիմա պիտի պառկի քնելու, որ առավոտյան հայրը իրեն հանդիմանելու պատճառ չունենա: Ես դեռ էն գլխից գիտեի, որ այդ կրկեսը ինձ համար է կազմակերպում, որովհետև եթե պատահմամբ շուտ էի արթնանում, լսում էի, ինչպես է խոհանոցում թեյում մեր  ծնողների հետ: Բայց Իտաչիի – ի դեպ, ասե՞ցի, որ եղբորս անունը Իտաչի էր – կեսգիշերային թատրոնը իզուր չանցավ: Դրանից սկսվեց իմ սերը դեպի զինվորի արվեստը: Երևի իսկական տղամարդ պետք էր դաստիարակել գիշերը պատուհանից ներս մտնելով ու մատը գաղտագողի շուրթերին հպելով: Ու եղբորս հաջողվեց ինձնից մի տարեկան տղամարդ սարքել:
Անկեղծ որ լինեմ, կասեմ, որ ուրախ եմ, որ ծնողներս շուտ մահացան: Պատկերացնո՞ւմ եք, ինչ պիտի դառնայի, եթե ինձ հայրս դաստիարակեր: Իմ հիշողության մեջ նրա ողջ կերպարանքից մնացել է միայն մարդկային ոչ մի մարմնի մեջ չտեղավորվող հսկայական մեծամտությունը: Պատկերացրեք, նա ուրախ էր ամեն անգամ ապացուցել իր առավելությունը չորս տարեկան երեխայի նկատմամբ: Նրա համար այնքան զարմանալի էր, որ ես ի ծնե անկարող էի գործի դնել շարինգանս: Շատ էր սիրում աչքս կոխել իր կարմիր վախենալու աչքերը, ներեցեք տաֆտալոգիայի համար – այդ տերմինն էլ համալսարանից մնացած միակ բանն է – ու եթե հանկարծ չէի վախենում ու չէի պատսպարվում սենյակում, անմիջապես պատժում էր ինձ մի սարսափելի տեսիլքով: Օրվա վերջում էլ, երբ հանդգնում էի դուրս գալ սենյակից և ընթրել ընտանիքի մյուս անդամների հետ, եթե դա կարելի էր ընտանիք անվանել, ասում էր, որ դա պատիժ չէր, ոչ էլ բարդույթավորված ծերացող նինջայի նախանձի վրեժխնդրություն, այլ մի փորձություն, որը ես, ինչպես միշտ, չհաղթահարեցի:
Երբ ծնողներս մահացան, եղբայրս վաճառեց մեր տունն ու շրջակա բոլոր տները, և Ուչիհաների փակ ու մռայլ գյուղից մենք տեղափոխվեցինք Տոկիո՝ մեծ քաղաք:
Հա, մի բան մոռացա ասել: Տարօրինակ դեպք էր: Այն գիշեր, երբ մահացան մեր ծնողները, մահացան նաև մեր գյուղի բոլոր բնակիչները: Ստացվեց այնպես, որ ես ու այդ գիշեր առաջադրանքից ուշ վերդարձած Իտաչին մնացինք Ուչիհա տոհմի միակ կենդանի ներկայացուցիչները: Իտաչին մնաց մեր հին ու բավականին հարստություն կուտակած տոհմի միակ չափահաս ժառանգը:
Դժվար է գտնել գնորդ, որը կցանկանա տուն ձեռք բերել մի գյուղում, որտեղ մի գիշերում սպանվեցին բոլոր բնակիչները: Բայց ապրել այդիպիսի մի տեղ պարզապես անհնար է: Ի վերջո Իտաչին ողջ գյուղը, մեր տան և նեղ պատուհաններով այն սենյակի հետ միասին, վաճառեց Իչիրաքու անունով մի ծերուկի, ով ուզում էր այդ վայրում խորտկարանների կայսրություն հիմնել, ուր մատուցելու էին ամենատաք ռամենը, ամենահաստ քյաբաբը և ամենաճարպոտ խաշը: Ասում են, որ մեր ողջ տոհմի՝ մի գիշերում քյաբաբի միս դառնալու փաստը բավականին հաջող գովազդ եղավ նրա խաշի համար:
Ու մենք հայտնվեցինք Տոկիոյում՝ ազատ ու հարուստ: Առաջին հերթին Իտաչին գնեց քաղաքի կենտրոնում վեր խոյացող երկնաքերերից մեկի վերջին հարկը և աշխատանքի տեղավորվեց Արմատում՝ Տոկիոյի և առհասարակ Ճապոնիայի նինջաների ամենահեղինակավոր  կազմկերպությունում: Հինգ տարեկանում ես ինձ փոքրիկ արքայազն էի զգում: Փոքրիկ, որովհետև արդեն հասկացել էի, որ փոքր եմ ու մի օր մեծ եմ դառնալու, և ամեն օր սպասում էի այդ անիրականալի պահին: Արքայազն, որովհետև ոչինչի կարիքը չունեի, վայելում էի բոլորի հարգանքը՝ ընդհանրապես անտեղի և չվաստակած, նկատում էի բոլորի հիացած հայացքները, երբ եղբայրս սև ֆեռարիով ինձ դպրոց էր տանում, կամ երբ ավելի ուշ սև մոտոցիկլետով գնում էի համալսարան:
Իտաչին էլ գիտեր, որ քաղաքում ինքը բացառիկ դիրքի տեր մարդ է, ու ես էլ մշտապես պիտի լինեմ ուշադրության կենտրոնում: Միայն այն փաստը, որ մենք երկուսս էինք մնացել երկրի ամենահին և ամենահզոր տոհմից, արդեն բավական էր առանց բացառության բոլորի հետաքրքրությունը շարժելու համար: Մեր մասին շատ էին բամբասում: Բոլորովին չափ ու սահման չիմացող մարդիկ նույնիսկ փսփսում էին, որ Իտաչին է սպանել մեր տոհմի բոլոր ներկայացուցիչներին՝ տոհմակիցների ունեցվածքին տիրանալու համար: Ես դրանց բերանները շուտ էի փակում՝ առանց ավելորդ ամաչելու ու անտեղի քաղաքավարության:
Իմ մասին էլ էին շատախոսում: Ասում էին, որ քաղաքի տարբեր ծայրերում հազար ու մի սիրուհի ունեմ, որ գիշերները կարճում եմ ակումբներում, թմրամոլի ու հարբեցողի հրեշավոր հիբրիդ եմ, և որ իմ մատը հաստատ խառն է տասներեքմիլիոնանոց քաղաքի բոլոր բռնաբարություններում: Անհեթեթությո՜ւն:
Գուցե չհավատաք, բայց չնայած եղբորս հարստությանը ու նման հեղինակությանը՝ ես փակ կյանքով էի ապրում: Համալսարանում դպրոցից մնացած մի քանի հավատարիմ ընկեր ունեի, որոնց հետ հանդիպում էի մեծ սիրով, բայց հաճույքով էլ բաժանվում էի: Առավոտները եղբորս հետ վազում էինք ամպերը մխրճվող մեր տան մոտակայքում, երեկոները Ուզումակի Նարուտոյի հետ կանոնավոր կերպով մարզմվում էինք, գիշերները ինքնամոռաց կարդում էի՝ առավոտյան զով ժամերը թողնելով մանգաներին, որոնք դեռ մանկուց սիրում էի ու գրեթե անգիր գիտեի: Մի խոսքով շատ հանդարտ ու շատ երջանիկ կյանք էր:
Եղբորս քիչ էր հետաքրքրում՝ ինչ են խոսում իմ մասին: Ինքն ինձ մի տեսակ ակնածանքով էր նայում, գիտեր, որ արքայազն եմ, ու նաև գիտեր, որ իսկական տղամարդ դառնալուց զատ պիտի կարողանամ իսկական ջենթլմեն դառնալ:
Արդեն ասեցի, որ ուրախ եմ, որ ծնողներս շուտ մահացան: Ու ոչ այնքան հորս ազդեցությունից ազատվելու համար, որքան նրա, որ ի վերջո եղբայրս էր ինձ դաստիարակել:
Ի տարբերություն հասակակիցներիս, երբեք պատանեկական ճգնաժամ կամ նման զիզի-բիզի բաներ չեմ իմացել: Միշտ հանգիստ էի, լուրջ, ձայնս երբեք չէի բարձրացնում, երբեք տեղի կամ անտեղի չէի հուզվում: Քիչ էի խոսում, բայց դիպուկ, հազվադեպ էի ծիծաղում, բայց հավեսով, և ավելի հազվադեպ էի ժպտում, բայց ջերմ ու անկեղծ: Հա, ու մի բան էլ, երբեք ինձ սանձարձակ կամ գռեհիկ արտահայտություններ թույլ չէի տալիս, իսկ հիմա թույլ կտամ:
-Հե՜յ, ո՞վ կա, էս ճարպակալած գեղեցկուհուն տուն տարեք: Ես սրա խռմփոցին այլևս չեմ դիմանա:
Եղբայրս ինձ շատ բան էր սովորեցրել: Ու թեև ոչ ինքը, ոչ էլ ես տուն աղջիկներ չէինք բերումես ընդհանրապես ընկերուհի չունեի, իսկ նրա մեկ-երկու սիրուհիները ավելի ռոմանտիկ և թանկարժեք վայրեր էին նախընտրում, - բայց այնուամենայնիվ, հանգիստ խոսելու ու դանակ-պատառաքաղով ուտելու հետ մեկտեղ նա ինձ սովորեցրել էր կանանց հետ քաղաքավարի վարվելակերպը:
Կնոջը բարևելիս պիտի մի թեթև խոնարհվես, ձեռքդ մեկնես միմիայն եթե նա առաջինը մեկնի իր ձեռքը ու միմիայն նրա մատների ծայրերը համբուրելու համար:
Կնոջ հետ խոսելիս պետք է հազար անգամ ավելի բարեհամբույր լինել, քան ցանկացած այլ պարագայում:
Երբ սենյակ կին է մտնում, պետք է կանգնել, եթե նա ուզում է սեղան նստել, պետք է հետ քաշել նրա աթոռը և գինի կամ որևէ այլ խմիչք առաջարկել նրան:
Հետո կնոջը միշտ պետք է ճանապարհը զիջել
Իտաչի, ինչո՞ւ էիր այսքան լավ դաստիարակել ինձ:
Երբ լրացավ տասը տարիս, Իտաչին ինձ տարավ քաղաքի ամենալավ և ամենատարօրինակ շինոբիներից մեկի՝ Հատակե Կակաշիի մոտ: Ինձնից բացի նա ևս երկու աշակերտ ուներ՝ Ուզումակի Նարուտոն, ում արդեն դպրոցից գիտեի, ու Հարունո Սակուրան:
Առաջին անգամ Սակուրային հենց այդտեղ տեսա: Իմ Սակուրային: Ինձ ճիշտ հասկացեք: Ես ամենևին էլ նրանը չէի, ու պատրաստ էլ չէի նրանը լինել: Բայց ինքը ի՛մն էր, ու առաջին օրվանից էր իմը: Ես որ մտա, անփորձ, շվարած երեխայի տպվորոթյուն էի թողնում: Դպրոցում էլ երբեք չէի կռվում, ու Նարուտոն մեծ հաճույք ստացավ Կակաշի-սենսեյի այն խոսքից, որ նախ և առաջ պետք է ստուգել՝ ինչի եմ ընդունակ: Իտաչին ինձ աչքով արեց ու մարզադահլիճից դուրս եկավ:
Ես նրան խայտառակ չարեցի: Կակաշի-սենսեյը գոհ ժպտաց ու կմճտեց թուշսատում եմ այդ ժեստը, դա նշանակում էր, որ դեռ փոքր եմ, - դե իսկ Նարուտոն պարզապես հիացած էր: Ու Սակուրան: Սակուրան արդեն իմն էր: Ես նրան սիրում էի նրա հնազանդ ու հավատարիմ աչքերի համար: Նրա համար, որ հենց առաջին օրվանից իմը դարձավ ու չէր էլ փորձում ժամանակակից թվացող աղջիկների պես պայքարել իր ազատության համար: Մեկ էլ նրա համար, որ ինձ շատ էր սիրում: Իսկ  թե ինչո՞ւ էր ինձ այդքան շատ սիրում, մինչև հիմա էլ զարմանում եմ:
Երեկոյան Նարուտոյի հետ գնում էինք մարզադահլիճ ու էլի մի քանի ծանոթ երիտասարդների հետ մարզվում էինք: Սակուրան մեզ հետ չէր գալիս, երեկոները նա Ցունադե-հիմմեի մոտ բժշկություն էր սովորում: Բժիշկ էր ուզում դառնալ ու շատ տաղանդավոր էր: Մի անգամ գլուխ գովալու, մի քիչ էլ Սակուրայի առաջ թիթիզանալու համար շյուրիկենը ձեռքս մխրճեցի ու ժպտալով նայում էի, ինչպես է արյունը կաթում սպիտակ մարզակոշիկներիս: Նարուտոն սկսեց հաշվել՝ ինչքան կդիմանամ: Բայց Սակուրան հանկարծ մի լավ ապտակեց ինձ, որ ուշքի գամ, շյուրիկենը մի կողմ նետեց, երկու ձեռքերի ափերը դրեց իմ ափիննրա ձեռքերը այնքան փոքր էին, որ երկու ափով չէր կարողանում կարգին փակել իմ մի ափըու ինչ-որ բան շշնջաց: Կանաչ լույսը տեսան բոլորը, բայց բուժման մեղմ ու ջերմ զգացողությունը միայն ես իմացա: Երբ ձեռքերը քաշեց, տեսա, որ ափիս անգամ սպի չմնաց: Փաստորեն հրաշալի տիրապետում էր իր գործին:
Այդ դեպքից հետո Իտաչին ասեց, որ ժամանակն է ինձ սովորեցնել հարակիրի անելու սրբազան կանոնները: Մի լավ ծիծաղեցինք: Բայց նա միևնույն է բացատրեց ինձ՝ ինչ է հարակիրին և ինչպես են դա անում:
Ակամայից այդ դեպքը հիշեցի, երբ մի օր տուն մտա ու հյուրասենյակում նրան սպանված տեսա: Փորը փռթել էր: Հարակիրի էր արել, կասկած չկար, որովհետև այս աշխարհում չկար ու չկա մեկը, ով կկարողանար այդպես իմ եղբոր հախից գալ:
Այդ ժամանակ հասկացա, որ Իտաչին էլ էր ինձ փոքր համարում: Կատաղել էի այդ մտքից: Երբեք թշերս չէր քաշում ու մուսյուսյու-ուսյուսյու չէր անում հետս, բայց մյուս կողմից, երբեք չէր էլ կիսվում ինձ հետ: Անարդար էր: Իմ մասին ամեն ինչ գիտեր՝ ինչ եմ անում, ինչ եմ խոսում, ինչ եմ կարդում, ինչ եմ մտածում: Իսկ ես նրա մասին ոչինչ չգիտեի: Հիշում էի մեր կյանքի ամեն րոպեն, փնտրում էի այն բառը, այն հայացքը, այն շարժումը, որը պիտի հուշեր ինձ՝ ինչու… Ինչո՞ւ Իտաչին արեց այդ: Ի՞նչն էր պակաս: Ի՞նչն էր նրան տանջում: Ի՞նչը կարող էր տանջել նրան: Անարդար էր: Գոնե մի երկտող թողած լիներ, որ իմանայի, որ ես չեմ նրա դժբախտության պատճառը:
Իտաչիի մահից հետո բամբասանքները շատացան: Ես տանից դուրս չէի գալիս, բայց միևնույն է այստեղից-այնտեղից խոսակցություններ էի լսում, իբր Իտաչին սպանել էր մեր ծնողներին ու տոհմակիցներին, իբր դրա համար են նրան Արմատ ընդունել, իբր խղճի խայթերից պաշտպանվելու համար հզոր թմրանյութեր էր օգտագործում:
Ես չգիտեի՝ ինչ մտածեմ: Ախր իրոք, ոչինչ չգիտեի եղբորս մասին: Նրան հասկանալու համար գիշերները նրա սենյակում էի քնում, գրկում էի նրա բարձը, լողանում նրա լողարանում: Մի անգամ էլ ուզում էի նրա սափրիչը գտնել, ու դեղերի արկղիկում մի քանի չօգտգործած պահպանակի հետ տարօրինակ փոշիով մի տոպրակ գտա:
Առանց հոտոտելու զուգարանը լցրեցի այն, կատաղած քաշեցի ջուրը, կարծես զուգարանակոնքն էր մեղավոր նրանում, որ եղբորս չէի ճանաչում: Դրանից հետո էլ չէի ուզում մեծանալ: Ծերացել էի, հոգով էի ծերացել, էլ մեծանալու տեղ չունեի…
Մի քանի օր հետո մեր տուն սկսեցին գալ բոլորովին անծանոթ մարդիկ: Նրանցից մեկին եմ հիշում միայն: Անունը Դանզո Շիմուրա էր: Մռայլ դեմք ուներ, մի աչքն էր վիրակապով փակ էր, ու չգիտես ինչու ինձ մոտ միշտ այնպիսի տպավորություն էր, որ այդ վիրակապի տակից մի ուշադիր ու անվրեպ աչք է հետևում ինձ: Ես արդեն մեծացել էի, բայց այդպես էլ թաղում գնացած չկայի: Սգո սև կոստյում չունեի: Եղբորս կոստյումն էի հագելՈւ չգիտեմ որտեղից այդ Դանզոն գուշակեց դա: Առանց բարևելու ասեց.
-Փաստորեն այնքան ես մեծացել, որ եղբորդ շորերն ես հագնում: Գուցե նրա տեղն էլ զբաղեցնես:
Մտածեցի, որ երևի Իտաչիին տեսել էր մեր ծնողների թաղմանը: Երևի ընկերներ էին:
Հետո պարզվեց, որ Իտաչիի ղեկավարն էր՝ Արմատի տերն ու տիրակալը: Ասեց.
-Ես մարդկանց լավ եմ ճանաչում: Նրանք շատ են ուզում բոլորից տարբերվել, բայց բոլորն էլ նույն բանն են: Դու հիմա երկու ելք ունես: Կամ հոգեկան դատարկությունից դանդաղ փտել գինենտներում կամ էլ հենց էստեղ՝ Իտաչիի սիրած գինիների ընկերակցությամբ, կամ էլ մի լուրջ գործով զբաղվել՝ ցավը լռեցնելու համար:
Հետո առաջարկեց, որ Արմատ ընդունվեմ: Ասեցի.
-Չեմ կարող, այնտեղ ամեն ինչ Իտաչիին է հիշեցնելու:
-Արմատում հիշողություններ ու նման սենտիմենտալ բաներ չկան: Միայն ինֆորմացիա: Քո եղբայրը լավ գիտեր դա: Իսկ դո՞ւ
Կակաշի-սենսեյը, երբ իմացավ, որ Դանզոն առաջարկել է ինձ զբաղեցնել Իտաչիի տեղը, շատ վախեցավ: Ասաց, որ տեսականորեն Դանզոն լավ մարդ է, բայց իրական կյանքում դա այնքան էլ չի զգացվում:
Բայց ես լավ մարդկանց կարիքը չունեի: Իմ կյանքի ամենալավ մարդու մասին անընդհատ չմտածելու կարիքն ունեի: Գնացի Արմատ՝ Դանզոյի մոտ: Սկզբում մանկապարտեզային առաջադրանքներ էր տալիս, առանց ամաչելու ասում էր, որ չի վստահում ինձ: Դա ինձ բարկացնում էր և ինչ-որ անհասկանալի բան՝ հավատարմության ու պատրաստակամության միջև եղած մի բան ապացուցելու ցանկություն առաջացնում: Ի վերջո ինձ ասեցին, որ պիտի ստուգեմ նորեկներին: Մի քանի օրվա ընթացքում ստիպված էի հազարավոր շինոբիների հետ խոսել: Հիմնականում ձանձրալի տպեր էին, բայց բոլորը՝ տաղանդավոր: Վերջինը նրանց շարքում վարդագույն մազերով ու կանաչ աչքերով մի աղջիկ էր:
Սակուրան ինձ համար էր եկել Արմատ, որ միայնությունից ու անիմաստ աշխատանքից վերջնականապես չխելագարվեմ: Ցունադեից էլ երաշխագիր էր բերել, որ լավ, խելացի աղջիկ է ու տեղը տեղին բժշկել գիտի: Դանզոն առանց մտածելու նրան Արմատ ընդունեց, ու ես չէի կարող հակաճառել նրան: Հետո էլ մեզ երկուսով առաջադրանքի ուղարկեցին:
Թիմի ղեկավար, չգիտեմ ինչու, նշանակեցին Սակուրային: Բայց նա առանց մի բառ ասելու ինձ զիջեց առաջնորդի իր տեղը: Հենց սկզբից էլ պայմանավորվեցինք, որ ես եմ անելու կեղտոտ գործը, իսկ նա կբուժի ինձ, եթե հանարծ քիթս կամ ականջներս կտրեն, ինչը չէր բացառվում, որովհետև մեր առաջադրանքը կայանում էր նրանում, որ պիտի առանց դատ ու դատաստանի մահապատժի ենթարկեինք S ռանգի մի քանի շինոբիների, որ փախել էին Արմատի բանտից: Մինչ Սակուրան կարդում էր փախստականների անձնական գործը, ես հասցրեցի ճանապարհից հեռու մի տեղ սակուրայի թերթերից մի ծտական բույն հյուսել: Ռոմանտիկայի սիրահար երբեք չեմ եղել, ասենք, հիմա դրա ժամանակն էլ չէր, բայց Սակուրային տեսնելիս հիշում էի բժշկման ջերմ ու նուրբ զգացողությունը, որի կարիքն այնքան ունեի:
-Կնոջը միշտ պետք է զիջել ճանապարհը, չէ՞, Իտաչի:
Աղջկան ճանապարհը զիջեցի: Ասեցի՝ առաջ անցի, ես հինգ րոպեից կգամ: Լսեց: Ժպտաց ու առաջ գնաց:
Հայրս երեք տարեկան երեխային ծաղրում էր, որ չի կարող շարինգանն օգտագործել: Եղբայրս օգնեց, որ ութ տարեկանում արթնացնեմ այն ու սովորեմ խելքը գլխին օգտագործել: Եթե ժամանակին հայրս ինձ չծաղրեր, իսկ եղբայրս չստիպեր կատարելագործվել, այդքան արագ չէի կատարի առաջադրանքը: Հակառակորդներս փորձառու էին, բայց երիտասարդ: Առաջին անգամ էի սպանում՝ առանց ատելության, առանց խղճի խայթի, ֆիզիկական ամենահասարակ վարժության պես՝ ժամանակը խնայելու մեծ ցանկությամբ:
Երբ եկա սակուրայով օծված մեր բույնը, տեսա, որ իզուր էի ճանապարհը զիջել
Պարզվեց, որ էդ ջահելները չէին Դանզոյի թիրախը: Մոտակայքում թափառում էր նրանց սենսեյը՝ այ դա իսկական S ռանգի հակառակորդ էր: Երբ իմացավ, որ սպանել եմ իր մատաղ սերունդը, գնաց Սակուրային սպանելու: Գիտեր՝ որտեղ է ինձ սպասում: Միայն սրիկայությունից արեց դա: Ուզում էր, որ գամ ու մեռնելուց առաջ տեսնեմ, որ բոլորովին մենակ եմ մնացել աշխարհում:
Սակուրայից սիրուն դիակ ստացվեց, որքան էլ սարսափելի չեն հնչում իմ բառերը:
Նստած էր մեր առաջին ու միակ, այն էլ չկայացած ժամադրության վայրում, շոյում էր Սակուրայի արնոտված մազերը ու ինձ էր սպասում: Կսպաներ, ախ էլ չէր քաշի: Բայց Դանզոն նրան առաջինը գտավ: Իրականում դա Դանզոյի առաջադրանքն էր, ոչ թե իմը: Իսկ ՍակուրանՍակուրային ամենսկզբից Արմատ էին ընդունել մի գեղեցիկ օր զոհվելու համար: Հետո իմացա, որ այդ մարդը, ով սպանեց Սակուրային, պատրաստվում էր ռումբ տեղադրել քաղաքի ամենամարդաշատ առևտրի կենտրոններից մեկում, և որ նրա հաշվարկով շատ մարդ պիտի զոհվեր: Թե ինչու էր դա անում, մինչև հիմա էլ չհասկացա, բայց դե առանձնապես չեմ էլ փորձում հասկանալ: Պարզապես այդ ժամանակ պարզվեց, որ Կակաշի-սենսեյը, ինչպես միշտ, ճիշտ էր: Դանզոն տեսականորեն լավ մարդ էր: Բայց ես մենակ էի մնացել: Ու նրան դա դուր էր գալիս: Ուզում էր, որ հուսահատությունից ամբողջությամբ տրվեմ աշխատանքին, մանավանդ որ արդեն հասցրել էի արյուն թափել: Դրանից հետո հեշտ պիտի ստացվեր սպանելը:
Բայց ես վախեցա: Վախեցա, որ կդառնամ մարդասպան մեքենա: Ես Իտաչին չեմ: Այ նա կարողանում էր սպանել, բայց լավը մնալ: Իսկ ես չէի կարողանա:
Լքեցի Արմատը, փակվեցի մեր տանը: Առավոտյան արթնանում էի պրոֆեսիոնալ հարբեցողի գլխացավով, առավոտից երեկո խմում էի ու խեղդվելու չափ կարդում, Իտաչիի սիրած գրքերն էի կարդում: Հետո նորից ու նորից հագնում էի նրա սև կոստյումը, մոտենում հայելուն: Իսկական ջենթլմեն էի, ու դրանում Իտաչին էր մեղավոր: Ու նրանում, որ մենակ եմ մնացել, էլի Իտաչին էր մեղավոր:
Երբ տանը մնալն այլևս հնարավոր չէր, դուրս գլորվեցի բնակարանից, մի կերպ ինձ վերելակը նետեցի, այնտեղից էլ՝անծանոթ մեկի մեքենան: Երես առած երեխայի տոնով ասեցի, որ տանի մի տեղ, ուր կարող եմ խմել ու ծիծաղել: Տարավ: Փող էլ չտվեցի: Ասեցի՝ կսպասես, որ հետո էլի տեղ ենք գնալու: Մինչև հիմա սպասում է, չգիտեմ էլ ինչու: Իսկ ես այստեղ եմ: Ոտքերիս մոտ թավալ է գալիս այս ձանձրացնող պչրուհին, շուրջս վտվտվտում են ամերիկյան շինծու ժպիտներից ու բարձրակրունկներից հոգնած մատուցողուհիները, և ականջի ծայրով լսում եմ, որ Նարուտոյի մեքենան արդեն ակումբի դռան մոտ է: Հիմա տուն եմ գնալու: Ու երևի մենակ չեմ լինի: Ու երևի կբժշկվեմ, բայց առանց նուրբ ու ջերմացնող այն զգացողության, որը երևի կանաչ գույնի էր:

-Դե, վերջին անգամ: Ձեր կենացը, ընթերցող-սան:

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"