Ատում եմ այս լավ տրամադրությունը...
Չէ, մի ծիծաղեք, ու առհասարակ, սովորեք լուրջ ընդունել ասածս յուրքանչյուր բառ: Նույնիսկ ամենահիմար կատակը կարող է մե՜ծ ողբերգություն թաքցնել:
Իմ ողբերգությունը այնքան էլ մեծ չէ, նույնիսկ մի քիչ ծիծաղելի է: Ու հենց այդ պատճառով էլ խնդրիս լուծում չկա ու չկա:
Ինձ հիմա շատ է պետք վատ տրամադրություն ունենալ:
Տխրություն, սուգ, վայնասուն, լուռ տառապանք - ահա ինչ է ինձ պետք:
Ուզում եմ ոռնալ ցավից, հազիվ զսպել արցունքներս, կրճտացնել ատամներով ու անել այն ամենը, ինչ սովորաբար անում են մարդիկ, երբ հիստերիայի նոպա են ունենում:
Իսկ ես փոխարենը երջանիկ ապուշի ժպիտով նստել եմ համակարգչի մոտ:
Ի՜նչ լավ է, այսօր հանդիպում եմ հին ընկերներիս հետ:
Ի՜նչ լավ է, վաղն էլ եմ հանդիպում ընկերներիս հետ:
Ի՜նչ լավ է, երեկվա հոգնածությունը այնքան շուտ չքվեց:
Ի՜նչ լավ է, իմ հերթական անկապ բլոգը չեն ջնջել համացանցից, չնայած ասում էին, որ կջնջեն:
Ի՜նչ լավ է, հիվանդ չեմ:
Ի՜նչ լավ է, լաչառ կատուս էլ չի մլավում (չեմ խեղդել նրան, մի վախեցեք, պարզապես քնել է - վերջապե՜ս):
Ի՜նչ լավ է, եղբայրս քնած է, և համակարգիչը ժամանակավորապես իմն է:
Ի՜նչ լավ է, այսօր դասի եմ:
Ի՜նչ լավ է, դասից հետո հանդիպում եմ ընկերներս հետ...
Նույնիսկ եղանակն է լավը, կարելի է վերջին անգամ պաղպաղակ ուտել...
Չեմ հասկանում, այսօր ոչ մի վատ բան չի՞ լինելու: Ինչ-որ մեծ դժբախտություն: Ասենք, տհաճ տնային առաջադրանք: Չէ, ավելի վատ, ասենք...
Չէ, ես չպիտի մտածեմ, օրս պիտի մտածի, ինչպես անի, որ փչացնի իմ՝ թարսի պես չփչացող տրամադրությունը:
Է՜էէէ, այսպես շշմած մի՛ նայեք, դրանից ծիծաղս գալիս է, իսկ ինձ հիմա չի կարելի ծիծաղել:
Չեք հասկանում, էէէ՜:
Ինձ պետք է շտապ մի սրտաճմլիկ պատմություն գրել, այն էլ սոցիալական անարդարության մասին:
Դե գնա ու գրի սոցիալական անարդարության մասին, երբ հոգիդ երգում է, ու դու, վերջին հաշվով, թքած ունես այդ սոցիալական անարդարության վրա:
Ախր երեկ այնքան լավ էր, արդեն համարյա բռնել էի պատմվածքիս թելը: Ինչո՞ւ չգրեցի: Ժամանակ էլ ունեի:
Իմ է՛շ խելքը:
Հիմա էլ նստել թախտին, սպասում եմ բախտին: Ինքն էլ եկել է ու ինձ գրկաբաց է ողջունում. այսօր ամեն ինչ լավ է:
Դե գնա, էլի, այ բախտ, ասեցի <<Նստել թախտին, սպասել բախտին>>: Բայց դա հո չի նշանակում, որ ամեն հիմարություն պետք է լուրջ ընդունել: Ու առհասարակ, ո՞վ է հորինել այդ հիմար արտահայտությունը թախտի ու բախտի ամսին: Թախտն ո՜ւր, բախտն ո՜ւր:
Լավ, վերջացնում եմ: Բայց դուք լավ մտածեք: Մի տխուր բան ասեք ինձ, որ գոնե գիշերը տրամադրությունս լինի ниже плинтуса: Իսկ հայերեն՝ հատակապատակամիջսալիկային փայտից էլ ցածր:
Է՜, ծիծաղելի է:
Նորից ամեն ինչ լավ է:
Բա որ ասում եմ. ատում եմ այս լավ տրամադրությունը:
Комментариев нет:
Отправить комментарий