Չէ, երջանկությունը չի կարող լինել անընդհատ, թե չէ էլ ի՞նչ երջանկություն է:
Երջանկությունը լինում է կարճատև՝ մի ակնթարաթ: Բայց այդ մի ակնթարաթն է հենց լիցքավորում մեզ այնպիսի էներգիայով, որ հերիքում է մի օր, շաբաթ, ամիս, տարի, երբեմն՝ տարիներ, մինչև հաջորդ այդպիսի ակնթարթը:
Երջանկությունը տևում է մի ակնթարաթ (ամենաշատը՝ երեք-չորս), բայց դա չէ տարօրինակ: Տարօրինակն այն է, որ երջանիկ կարող ես լինել այնպիսի մանրուքներից, որ հավատդ չի գալիս: Հետո ում էլ որ պատմես, չեն հավատա, կծիծաղեն, կամ կկարծեն, որ դու ես ծաղրում նրանց: Իզո՜ւր:
Մարդիկ, իսկ ի՞նչ գիտեք, որ երջանկության տեսակետից մի ակնթարթը դար չէ, իսկ մանրուքը՝ կյանքի կարևորագույն... ատրիբո՞ւտ... նպատա՞կ... նշանակե՞տ... Մի խոսքով կյանքը:
Կարո՞ղ է կյանքը մանրուքներում գտնել իմաստը: Ինչո՞ւ ոչ: Իսկ այդ մանրուքների՞ց չէ այն ձևավորված:
Կարո՞ղ է կյանքը լինել մանրուք: Ինչո՞ւ ոչ, բայց այդ դեպքում ի՞նչն է լինելու <<մանրուք>> այս մե՜ծ հասկացությունից դուրս:
Է՜հ, երջանկություն, դե արի ու հասկացի քեզ:
...Առհասարակ ինչո՞ւ եմ ես ամեն ինչ այսքան բարդացնում: Ու ոչ միայն ես, պետք է ասել:
Փիլիսոփայում եմ, փիլիսոփայում, իսկ ամեն ինչ այնքան պարզ ու հասարակ սկսվեց...
Օճառամանում օճառ կար:
Փաթեթավորված օճառ:
Դա զարմանալի է: Իրոք, ի՞նչ գործ ունի փաթեթավորված օճառը օճառամանի մեջ:
Փաստորեն ունի, չնայած այն դեռ չէին օգտագործել:
Ես հոտոտեցի այն...
Հետո նորից հոտոտեցի....
Հետո տվեցի եղբորս, որ հոտոտի, բայց և չտվեցի...
Նորից ինքս հոտոտեցի...
Երջանկության հոտ էր գալիս այդ օճառից: Իրոք, երջանկության հոտ: Ու այդ հոտից ես էլ երջանիկ դարձա: Երևի հենց դրա համար էլ չթողեցի, որ եղբայրս էլ հոտոտի. մենք այնքան խանդագին ենք մոտենում երջանկությանը, որը բնավ մերը չէ... կամ մեզ չի պատկանում... կամ պատկանում է ոչ միայն մեզ....
Մանրուք, որ տևեց ընդամենը մի ակնթարթ, ամենաերկարը՝ երեք-չորս...
Անցել է մի քանի օր, իսկ ես դեռ հիշում եմ այդ հոտը...
Դե հիմա ասեք. կա՞ն արդյոք կյանքում մանրուքներ, և կա՞րճ է արդյոք մի ակնթարթա ժամանակահատվածը, որ տրված է երջանկությանը՝ ապրելու համար:
...Օճառը մի փոքր ավելի երկարակյաց է: Մի քանի շաբաթ կմնա օճառամանում, ամենաշատը՝ մի ամիս: Եվ ամեն անգամ լվացարանին մոտենալիս ես գուցե նորից կհոտոտեմ այն ու նոր երջանկություն կծնվի ու կմահանա մի ակնթարթում՝ օճառաերջանկություն...
Комментариев нет:
Отправить комментарий