Կան մարդիկ, ովքեր սառը ջրով են լողանում:
Կան մարդիկ, ովքեր սիրում են եփվել լոգարանում:
Իմ ցնցուղը գոլ է: Ջրի կաթիլները հերթով գլորվում են ուսերիցս ներքև: Տեսնես ի՞նչ են մտածում՝ լոգարանի սառնությանն ու կոպտությանը բախվելիս...
Օճառը ուզում է դուրս պրծնել ձեռքերիցս: Նրան համարյա հաջողվում է այդ: Բայց ես բռնում եմ այն օդում ու անխնա քսում մաշկիս:
Այն մարդը, ով առաջինն է հորինել սպունգը, երևի շատ չար մարդ է եղել: Նա չէր ուզում, որ մարդիկ հպվեն օճառի ողորկ մակերևույթին, դրա համար էլ հորինեց այդ փափուկ ծակծկված գործիքը: Եվ արդեն քանի տարի է մարդկությունը հնազանդվում է նրա հնարամիտ չարությանը: Բայց ես այսօր անհնազանդ եմ...
Մի պահ կատաղում եմ: Ծակոկտկեն սրտումս կուտակված ագրեսիան թափում եմ մաշկիս և օճառի վրա: Վերև-ներքև... Ես այսօր վերջնականապես պիտի ազատվեմ այդ կեղտից...
Օճառը մարմինս դարձնում է չափից դուրս նուրբ ու հարթ: Մի կողմ եմ դնում այն և մատների ծայրերով սկսում եմ լվանալ ինձ: Օճառոտված մատներս սահում են օճառապատ մաշկով: Ի՜նչ քնքուշ է օճառը: Ափսոս նա չկարողացավ այդքան քնքուշ լինել...
Ամեն անգամ, երբ դիպչում էր ինձ, մաշկիս մնում էին նրա մատնահեթքերը՝ կապույտ: Ու ամեն անգամ, երբ լոգարանում զննում էի մարմինս ու հաշվում կապտուկների թիվը, մեջս ինչ-որ բան ըմբոստանում էր: Ասում էի նրան այդ մասին: Իսկ նա անդադար կրկնում էր.
-Դու պետք է ինձ ընդունես այնպիսին, ինչպիսին ես կամ: Թե չէ էլ ի՞նչ սիրո մասին է խոսքը:
Ես էլ չէի հասկանում, այդ ի՞նչ սիրո մասին է խոսքը, չէ՞ որ նա չէր բարեհաճել անգամ խոստովանել ինձ իր զգացմունքների մասին: Բայց միևնույն է, այնպես էր ստացվել, որ մեր դուետում հարմարվողը, հանդուրժողը, տանողը, ներողը և ներողություն խնդրողը ես էի:
Նա մի անտանելի սովորություն ուներ: Անսպասելի մտնում էր սենյակ, կողպում էր դուռը և սկսում ճղել շորերս: Ես հասկանում էի, ինչ է լինելու հետո, և ինչ-որ մազոխիստական հաճույքով էի սպասում այդ հետոյին /դա էլ էր շատ կոպիտ անում/, բայց շորերս ափսոս էին: Այսպես մի անգամ պատռեց սիրածս զգեստը: Ես ջղայնացա: Որոշեցի թույլ չտալ, որ գա հետոն, այլ միանգամից սկսել լուրջ խոսակցությունը, որը պլանավորել էի դեռ ամենասկզբում:
Նա ջղայնացավ: Որոշեց պատժել ինձ: Ապտակեց: Հետո երկու շաբաթ ինձ չէր նայում: Գիտեր, որ տանջվում եմ:
Ես էլ գիտեի, որ տանջվում եմ, բայց այ ինչու՝ չգիտեի:
Շատ էր սիրում, երբ ես ներողություն էի խնդրում: Սիրում էր ստորացնել ինձ: Կարծես դա նրան ավելի մեծ հաճույք էր պատճառում, քան այն, ինչ պիտի լիներ իմ նվաստացումից հետո: Այս անգամ էլ այդպես եղավ: Երկար ներողություն էի խնդրում, անգամ ծնկի իջա:
Նա շարունակում էր փքվել: Թանկացնում էր իրեն:
Հանկարծ մի բան ճտաց հոգուս խորքում: Հիշեցի մանկական երզանքիս մասին՝ հանդիպել արքայազնի՝ կարևոր չէ, սպիտակ նժույգով, թե առանց դրա, միայն թե կիրթ և նուրբ լինի: Հասկացա, որ սա իմ երազանքը չէր և երբեք չի դառնա: Մտածեցի՝ գրողը քեզ տանի, անինքնասեր ապո՛ւշ: Եվ գրողը ինձ տարավ: Տարավ հեռու-հեռո՜ւ:
Նա այլևս չտեսավ ինձ:
Ու հիմա կատաղությունից կարմրած՝ հոգուս ծակոտկեներում կուտակված ագրեսիան օճառոտված մատներիս ծայրերից թափում եմ օճառապատ մարմնիս վրա:
Ես պետք է ջնջեմ այդ անիծյալ մատնահետքերը մարմնիս և հոգուս մակերևույթից:
Տաք ջուրը վերջանում է, և ստիպված եմ լինում ինքնամաքրման պրոցեսն ավարտել սառը ջրով: Հետո փաթաթվում եմ սրբիչի մեջ և սկսում ճզմել մազերս: Մատներիս ծայրերին դեռ մի քիչ օճառ կա, մի քիչ օճառային քնքշություն:
Ու հանկարծ մի չափից դուրս ամոքիչ միտք է անցնում ուղեղիս ծակոտկեներով...
Փաստորեն նա մի օճառի խելք էլ չուներ...
Էնքան էլ էրոտիկա չէ, բայց վատը չէ ;)
ОтветитьУдалитьԴե եթե դու ասում ես, որ վատ չի, ուրեմն էդպես էլ կա: :D
ОтветитьУдалить