Հասարակական կարծիքի նկատմամբ ունեցած վախը բարոյականության հիմքն է:
Օսկար Ուայլդ
Այնպես է պատահում, որ մենք՝ ես, դու, մյուսը, հանկարծ դադարում ենք վախենալ հասարակական կարծիքից: Գուցե ընկերներդ ասեն, որ այդպես ես ասում հենց վախից՝ որպես ինքնապաշտպանություն: Դե ինչ, այդպես էլ է լինում, ու իմ ընկերները ինձ դա արդեն ասել են: Բայց հավատա, կարող է և այնպես պատահաել, որ իրո՛ք դադարես վախենալ հասարակական կարրծիքից: Չգիտեմ՝ ինչու, գուցե հանկարծ շատ քաջ դառնաս, գուցե իմ նման հոգնես սրան-նրան լսելուց, գուցե պարզապես այնքան հիմար լինես, կամ այնքան խելացի, որ չհասկանաս, ինչ է քո մասին կարծում կասկածելի հասարակությունը: Ինչևէ: Փաստը մնում է փաստ. դու այլևս չես վախենում:
Գի՞ժ ես: Չէ, մի անհանգստացիր, բժշկի կարիք չունես: Պարզապես դու անբարոյական ես: Դա հաստատված փաստ է, ու դու այլևս ոչինչ չես կարող անել այդ փաստի հետ, միայն անտեսել այն, եթե կարող ես, կամ հաշվի նստել դրա հետ, եթե այլ ելք չի մնում:
Անբարոյական հռչակվելը (հռչակվելը, ոչ թե լինելը) իր դրական կողմերը ունի: Այսինքն միայն մի դրական կողմ, այն է՝ դու այլևս կորցնելու բան չունես: Շատերը ինձ հետ չեն համաձայնի ու արդեն իսկ չեն համաձայնում: Բայց արի մի պահ չլսենք այդ <<շատերին>> ու փորձենք ինքներս մտածել: Ի՞նչ ունենք կորցնելու մենք՝ ես, դու, այն մյուսը, ում երեկ կամ երեկ չէ առաջին օրը անբարոյական հռչակեցին: Ի՞նչ: Կյանքը, հարգանքը, երջանկությունը... Ասում են, այս ցուցակը չափից դուրս երկար է թվարկելու համար, բայց մենք չենք շտապում: Փորձենք գոնե հասկանալ, արդյո՞ք մենք կորցնում ենք այն երեք վերոնշյալ արժեքավոր կամ ոչ այնքան <<իրերը>>, երբ դադարում ենք հասարակական կարծիքի հետևից ընկնել:
Կյա՞նքը... Կյանքը, վաղ թե ուշ, կորցնելու են բոլորը: Մահը չի հարցնելու՝ որքան հարգված էիր դու քո կյանքում: Նա պարզապես կգա ու կասի՝ բարև: Իսկ քեզ ոչինչ չի մնա, քան թե ասել բոլորին, այդ թվում և նրանց, ովքեր քեզ իրոք հարգում էին՝ ցտեսություն:
Հարգա՞նքը... Նախ և առաջ այդ հարգանք ասվածը շատ կասկածելի բան է, մանավանդ այն մարդկանց պարագայում, ովքեր քեզ չեն ճանաչում և պարզապես իրենց գլխաքանակով ապահովում են անդեմ հասարակության գոյատևումը: Բայց նույնիսկ եթե մի պահ ենթադրենք, որ հասարակությունը իրոք կարող է ինչ-որ մեկին հարգել, մի՞թե դու հույս ունես, որ անբարոյական հռչակվելուց հետո քեզ հարգելու են: Մարդիկ հարգում են դիմացինին միայն իրենց հարգելու համար: Իսկ եթե դու հաշվի չես նստում նրանց <<հեղինակավոր>> մասսայական կարծիքի հետ, էլ ի՞նչ հարգանքի մասին կարող լինել խոսքը: Այնպես որ սա դու արդեն կորցրել ես ու չես կարող այլևս նորից կորցնել:
Մնաց երջանկությունը... Սա իրոք կարևոր է, ու երջանկության համար հաստատ արժի պայքարել: Բայց... Բանը նրանում է, որ բարոյականության ստերեոտիպ սահմանից դուրս գալուց հետո դու կարող ես երջանիկ լինել միայն երկու դեպքում: Առաջին, վերադառնալ ուրիշի մորալի սահմանը, մեղա գալ ու համբերատար դիմանալ, մինչև բոլորը սպառեն իրենց սրամտության ու փիլիսոփայական մտածելակերպի անսպառ պաշարները ու քեզ վերջապես հանգիստ թողնեն: Կամ էլ պիտի գլուխդ բարձր առաջ գնաս, որքան հնարավոր է հեռանալով հասարակության գծած օղակից ու կրծքով պաշտպանելով քո երջանիկ լինելու իրավունքը՝ անկախ ուրիշների բարդույթներից, որոնք այլ կերպ հասարակական կարծիք են կոչվում: Երկուսն էլ դժվար ճանապարհներ են, իսկ ընտրություն անելու արտոնությունը միմիայն քեզ է պատկանում:
Իսկ հիմա մտածիր՝ ուզո՞ւմ ես վերդառնալ նրանց մոտ: Եթե այո, ուրեմն իրականում երբեք էլ դուրս չէիր եկել նրանց մորալի սահմանից: Ուրեմն քեզ միայն թվում էր, որ դուրս ես եկել: Իսկ եթե չես ուզում, ստիպված ես լինելու պաշտպանել քո երջանկության իրավունքը, որը թեև ամրագրված է Սահմանադրությամբ, բայց այս պարագայում ոչ մի օրենսդրություն քեզ չի օգնի, որովհետև քո երջանկությունը կարող ես պաշտպանել միայն դու:
Երջանիկ լինելու համար շատ բան պետք չի:
- Չվախենալ ուրիշի քննադատական խոսքից:
- Կարողանալ պատասխանել սեփական մեղադրանքներին:
- Որոշել սեփական մորալը:
- Հիշել, որ նախորդ երեք կանոններից չի կարելի հրաժարվել;
- Հիշել, որ ամեն դեպքում, ինչ էլ որ ընտրես, դու չես կարող միայնակ լինել:
Այժմ դու գիտես ինչպես դա անել: Կարող ես գործի անցնել, եթե կարող ես...
Комментариев нет:
Отправить комментарий