Բարև ձեզ, ես Սոֆին եմ:
Ես սիրում եմ լինել ուշադրության կենտրոնում /դա լավ հիշեք/:
Բարձր եմ խոսում ու սիրում եմ բարձր ծիծաղել: Չեմ սիրում մարդկանց, ովքեր ծիծաղելիս բերանը փակում են ձեռքով:
Չեմ սիրում նրանց, ովքեր միշտ լռում են. այդպիսի մարդիկ կամ սեփական կարծիք չունեն, այսինքն` բութ են, կամ էլ պարզապես չեն ուզում կիսվել իրենց <<հեղինակավոր կարծիքով>>, այսինքն` կամ ժլատ են, կամ մեծամիտ:
Չեմ սիրում գոռոզ մարդկանց: Բայց և չեմ սիրում այն մարդկանց, ովքեր միշտ բոլորի առաջ <<սողում են>>: Իսկ բոլորից շատ չեմ սիրում այն մարդկանց, ովքեր իրենցից մեծի առաջ <<սողում են>>, իսկ փոքրերի կամ հասակակիցների առաջ դառնում են <<միակն ու անկրկնելին>>:
Սիրում եմ Ռուբեն Հախվերդյանի այս խոսքերը. <<Եթե Աստված մեզ թևեր չի տվել, նաև չի պարտադրել առնետի պես սողել>>:
Չեմ սիրում այն մարդկանց, ովքեր կարծում են, որ խաբել չի կարելի. որովհետև այդպես չի: Սիրում եմ այն մարդկանց, ովքեր ասում են, որ խաբել կարելի է, բայց ավելի հեշտ է ազնիվ ապրել: Սիրում եմ խաբել, հենց այնպես, կատակի համար:
Չեմ սիրում լռել, մանավանդ երբ խոսակցությունը վերաբերում է ինձ հուզող հարցերին:
Ինձ հուզում են աշխարհի բոլոր հարցերը:
Չեմ սիրում, երբ հյուր գնալիս մարդիկ չեն հյուրասիրվում` ասելով, որ համեղ չէ. դա անքաղաքավարի է, նույնիսկ <<խոզավարի>>: Չեմ սիրում այն տանտիրուհիներին, ովքեր համով չեն պատրաստում, բայց այդպիսի տանտիրուհիներ չկան:
Սիրում եմ հյուր գանլ: Սիրում եմ հյուրեր ընդունել: Չեմ սիրում տանը նստել: Չեմ սիրում, երբ ինձ ասում են. <<Այս մի օրն էլ տանը նստիր>>:
Չեմ սիրում մարդկանց, ովքեր ձևացնում են, որ խենթ են, բայց իրականում <<չափից դուրս ռացիոնալ են>>: Չեմ սիրում խենթ մարդկանց, մանավանդ երբ նրանք փորձում են <<նորմալ>> ձևանալ:
Ես միշտ տարբերվում եմ բոլորից, և առաջին հերթին նրանով, որ չեմ փորձում ուրիշներից տարբերվել:
Սիրում եմ շատ պատմել իմ մասին, որ հետո պարզվի ինչք~ան բան ես դեռ չեմ պատմել:
Սիրում եմ երկար բանավեճերը, բայց երկար գրել ծուլանում եմ:
Այնպես որ ցտեսություն, դեռ...
Հա~, ու մեկ էլ շատ եմ սիրում տեքստի ա~մենավերջում բազմակետ դնել, ներեցեք, կախման կետեր /չնայած դրանցից դեռ ոչ ոք չի կախվել/, որովհետև իմ կարծիքով մեր կյանքը սկսվում է բազմակետից և վերջանում է բազմակետով: Ու դա շատ լավ է...
Комментариев нет:
Отправить комментарий