Հեղինակ` Տաթև Բադոյան
Երեկո էր:
Մտածմունքներով տարված` քայլում էի լճի երկայնքով: Հայացքով ինչ-որ բան էի փնտրում: Նայում էի լճի մերձակայքում գտնվող պուրակին, ուր անցել էր ողջ մի կյանք: Կյանք` լեցուն ուրախությամբ, երջանկությամբ, սիրո բուրումով ու հավատարմության բազմաթիվ երդումներով: Նայում էի պուրակի կողմն ու վերհիշում ապրածս, որ այլևս չկար. այդ օրերից մնացել էր միայն մի քաղցր հուշ և սիրո ու սպասումի բազում չասված բառեր:
Հոգիս ու միտքս ճախրում էին մթին երկնքում, հյուսում իրենց երազները, ձուլվում երկնակամարում ու, ամպերի հետ տարածվելով, վեր բարձրանում: Սիրտս համակված էր սիրով, սպասումով, բայց այդ չասված բառերը… Այ դրանք են առնետի նման կրծում սիրտս, խաթարում հոգուս քաղցր ու վաղեմի երազը, փոթորկում ալեհույզ մտքերս, տակնուվրա անում մեղսավոր հոգուս ամենանվիրական անկյուններում պահված սերը:
Ա~խ այդ բառերը… Այդ երկար սպասված ու չասված բառերը… Երբ հիշում եմ այդ սպասված ու չասված բառերը, փշաքաղվում եմ, աչքերս ողողվում են աղեխառն արցունքներով, դեմքս գունատվում է, մտքերս սկսում են ճախրել երկնքում` ամեն մեկը մի ծայրում: Եթե միայն լսեի, եթե միայն կարողանայի ասել, արտաբերել դողդոջուն շուրթերով սրտի տրոփյունի այդքան երկար սպասված ու չասված բառերը…
Օրերն անցնում էին: Սիրո նուրբ զգացումը իր արմատներն էր մխրճում սրտիս մեջ, հյուսում իր հեքիաթի տնակը, հոգուս թևեր տալիս` ճախրելու, հասնելու նրան, այն երանելիին, ում սերն ու նվիրումն էի վայելում, թեկուզ և հեռվից հեռու: Ինքս իմ ձեռքով կոտրել էի բյուրեղյա երազանքներս, խատարել հոգուս անդորրը, աչքերիս տվել անքնություն, այրել հույսի ու լույսի, վերդարձի կամուրջները: Վերադարձ չկար… Այդ գեղեցիկ ու հաճելի պահերից միայն հուշեր, շատ քաղցր ու թանկ հուշեր էին մնացել: Հուշեր` քաղցր ու այդժամ դառնաղի հուշեր… Հուշեր, որ կմնան սրտիս ամենանվիրական անկյուններում, սրտիս ամենանուրբ ծալքերում: Եթե միայն ասեի ու լսեի, եթե միայն համարձակությունս ներեր…
Պիտի ապրեմ` անցյալիս քաղցր հուշերի վրա կառուցելով ներկաս: Պիտի կերտեմ փայլուն ապագաս: Ուժ հավաքեմ, որպեսզի ասեմ չասվածը, սպասվածը, երկուսիս համար շատ թանկ բառերը:
Բայց չէ: Այլևս չեմ կարող ասել, չեմ կարող նրան ետ բերել:
Միգուցե ուրիշի՞ն ասեմ:
Բայց չէ: Նա է այս չասվածի միակ տերը, նրա համար են ծնված այս բառերը, նրա համար են շուրթերս աղոթք մրմնջացել, ու ձեռք էր պարզել Աստված: Նա է այդ բառերի, այդ աղոթքների ու անկատար երազանքներիս, փափագներիս ու խենթ ցանկություններիս միակ ու լիակատար տերը: Լացով անցկացրած օրերս, ամենուր նրան փնտրող աչքերս, տառապող հայացքս ու սրտիս մրմուռը վկան են այդ չասված բառերի:
Ի՞նչ է մնացել ինձ այդ օրերից:
Ոչինչ: Միայն քաղցր հուշեր… աննկարագրելի ու խենթ օրեր… սիրով լի սիրտ… կսկիծ… հոգու խորը ցավից արտասվող աչքեր… հախճապակե սիրուց մնացած բեկորներ ու միայն բազո~ւմ չասված բառեր……..
Մի քիչ նման է իմ կյանքին: Մի~ քի~չ........
Արի
Комментариев нет:
Отправить комментарий