Նկարը "Свадьба моего лучшего друга" ֆիլմից
Երկու րոպե հայելու առաջ, և ես համոզվում եմ, որ մազերս մի լավ գզգզվել են: Նաև համոզվում եմ, որ դա ինձ շատ է սազում և անհոգ ժպիտը դեմքիս դուրս եմ գալիս զուգարանից: Ացնում եմ ձեր կողքով և աչքի պոչով նկատում, ինչպես հանկարծ դադարեցիք խմել ձեր գարեջուրը. երևի այնքան էլ լավը չի, չէ՞:
Ես մոտենում եմ մեր սեղանին, ուր ընկերս խոսում է հեռախոսով:
-Բարևի, - ասում եմ ես:
-Ո՞ւմ, - զարմացած շշնջում է նա:
-Ով էլ որ լինի, - ժպտում եմ ես:
Ընկերս սկսում է քրքջալ, և ես նկատում եմ, ինչպես եք դուք նայում նրան:
Ինչո՞ւ այդքան զարմացաք: Այո, այո, իմ ընկերը ձեր իմացածներից է:
Ինչ ծիծաղելի է հնչում՝ ձեր իմացածներից: Ծիծաղելի է, որովհետև իրականում դուք ոչինչ չգիտեք նրանց մասին: Բնականաբար, չգիտեք նաև, ինչ լավ է աղջկա համար գոնե մի այդպիսի ընկեր ունենալը:
Պատկերացնում եմ, ինչ կլիներ, եթե լսեիք իմ մտքերը: Հաստատ էլ գարեջուր չէիք խմի: Դա ծիծաղելի է, և ես ծիծաղում եմ, իսկ դուք փորձում եք հասկանալ, ինչ կատարվեց ինձ հետ:
Կբացատրեմ:
Որ լավ հասկանաք (դե, հասկանալը հիմա մոդա չի, անպես որ ձեզ դժվար կլինի որևէ բան բացատրելը), եկեք համեմատենք ձեզ և նրան, ով հիմա իմ կողքին է, քրքջում է կանացի ծիխաղով և խոսում հեռախոսով:
Օ՜, ներեցեք, մոռացել էի, որ ձեզ չի կարելի համեմատել: Դե դուք իմ իմացածներից չեք: Բայց ես միևնույն է համեմատում եմ, որովհետև այդպես ավելի հարմար է:
Սկսենք ձեզանից: Ես տեսնում եմ, ինչպես եք դուք նայում ինձ, հայացքով գնահատում շրջազգեստիս երկարությունը և լուռ համաձայնության գալիս, որ եթե այն մի փոքր ավելի կարճ լիներ, շատ ավելի լավ կլիներ: Բայց ոչինչ, դա ձեզ չի խանգարում պատկերացնել, ինչ կլիներ, եթե այն մի փոքր ավելի կարճ լիներ... Հետո ձեզանից մեկը՝ հաստատ մի հայտնի կազանովա իր <<շրջապատում>> աչքերով հաստատում է, որ սանրվածքս շատ անփույթ է, և որ ինձ կսազեր իր տասնչորսերորդ <<ընկերուհու>> սանրվածքը, ասենք կառե, կամ էլ նման մի բան: Հետո նայում եք ձեր առաջնորդին (այո, այո, դուք առաջնորդ էլ ունեք. բա ո՜նց, առանց հոտային համակարգի դուք չեք կարող ապրել): Նա դանդաղ խմում է իր գարեջուրը և ամեն մի կումն անելիս լուռ հաստատում, որ ես չափազանց բարձր եմ ծիծաղում համեստ աղջկա համար, և որ կարելի կլիներ ինձ պարի հրավիրել, եթե, իհարկե, կողքիս նստած չլիներ նա: Նա մտովի պատկերացնում է արդեն, որ եթե ընկերս գնա զուգարան (ընդ որում իր մտքերում նա անպայման կնկարի կանացի զուգարանը), ինքը կմոտենա ինձ և կառաջարկի մի քիչ պարել: Ես իհարկե կսկսեմ <<ինձ թանկացնել>>, և ինքը կասի, որ սա այն չէ, ինչ ես մտածում եմ: Ու ես անմիջապես կհասկանամ, որ պիտի մտածեմ հենց այն, ինչը նա ժխտում է:
Բայց եկեք մի պահ պատկերացնենք, որ ես համաձայնել եմ: Այդ դեպքում նա կսկսի գլուխ գովալ, որ իր գրպանում է գտնվում <<աղջիկների սրտների բանալին>>: Դա այնքան ծիխաղելի՜ է: Լավ, իսկ եթե հեռուն գնանք: Պատկերացնենք, նա ուզում է ինձ հյուրասիրել (իհարկե ոչ գարեջուր, բայց, ասենք, մարտինի) և հրավիրում է ձեր սեղանի մոտ: Ես համաձայնում եմ, մոտենում ձեր սեղանին, բարևում բոլորիդ, ներկայանում: Մի քանի կատակ եմ անում՝ կծու-թթու, դա իմ ոճն է, խմում եմ մարտինին, ուտում խրթխրթան մի բան ու հեռանում, որովհետև ընկերս արդեն վերադարձել է ու զարմացած ինձ է նայում: Ի՞նչ կանեք այսքանից հետո: Հաստատ հաջորդ օրը կհայտարարեք, որ ես սիրահարվել եմ, ընդ որում բոլորիդ միաժամանակ: Իսկ եթե ես զանգեի ձեզանից մեկին, ասենք հենց նրան, ում հետ պարել էի, և խնդրեի ինձ ուղեկցել ինչ-որ մի տեղ (միայն այն պատճառով, որ մայրիկս չի թողնում առանց տղաների գնալ այդինչ տեղը, թե չէ ես խելքս հացի հետ չեմ կերել, որ նրան հրավիրեմ), դա կնշանակի, որ իմ դատավճիռը ստորագրված է: Ու այստեղ կսկսվի մի այնպիսի դժոխք, որի հեփիէնդը կլինի այն, որ ես դառնամ ձեր այդ առաջնորդի քսանվեցերորդ <<ընկերուհին>>, ինձ պահեմ <<Եղիր հեզ, պարոն եզ>> ոճով, մինչև կգա մեկը, ով ինձ կազատի այդ ստրկության ոչ կամավոր ձևից:
Ինչո՞ւ եմ ես այս ամենը ասում: Նրա համար, որ հասկանաք, որ ձեզ հետ շփվելիս չի կարելի լինել մտերիմ, ընկերական, ազատ: Որովհետև հետո այդ ազատության համար ստիպված կլինես վճարել ազատազրկմամբ:
Իսկ ի՞նչ կարելի է ասել իմ իմացածների մասին, ասենք օրինակ, ընկերոջս, որ հիմա հեռախոսով է խոսում և շարունակում կանացի քրքջալ:
Ես կարող եմ ամբողջ երեկո պարել նրա հետ, հետո գնալ նրա տուն և նույնիսկ գիշերել այնտեղ՝ առանց վախենալու, որ հետո ամբողջ քաղաքը կսկսի բամբասել <<հարսի ու փեսայի>> մաիսն: Կարող եմ հանգիստ նրան ակումբ հրավիրել՝ այնտեղ, ուր մայրիկս չի թողնում գնալ առանց տղաների: Եվ ամենհրաշալին այն է, որ նրա հետ ես կարող եմ բամբասել նրանից, ում իսկապես շատ եմ սիրում (բնականաբար, ձեր մասին չի խոսքը): Նա ինձ կցավակցի, խորհուրդ կտա, եթե պետք լինի, կգրկի ու կխառնի առանց այդ էլ գզգզված մազերս, մինչև ես հոնգուր-հոնգուր լաց եմ լինում: Կամ էլ, ընդհակառակը, բարձր կծիծաղի, երբ ես ասեմ, որ ամեն ինչ ստացվել է: Երբ պետք է, նա կդառնա իմ կավալերը, երբ պետք է՝ մտերիմ ընկերուհին, մի խոսքով՝ իմ պահապան հրեշտակը: Եվ դրա փոխարեն ոչինչ չի պահանջի, որովհետև այն, ինչ նրան պետք է, ես արդեն տալիս եմ իմ ամեն հայացքով, ժպիտով և չափից դուրս բարձր ծիծաղով, այն է՝ վստահություն, մտերմություն, ընկերություն:
Ու մի բան էլ: Երբ վերջապես կմտնի իմ երզանքների արքայազնը <<սպիտակ հեծանիվով>> և կտեսնի ինձ նրա հետ, նրա մտքով անգամ չի անցնի խանդել, կամ էլ, ընդհակառակը, հանդիմանել ինձ, որ այստեղ եմ եկել առանց մեկի, ով կարող է ինձ պաշտպանել:
Ահա և վերջ: Այսքան առավելություն ունի նա՝ իմ իմացածներից և ձեր չիմացածներից մեկը: Իսկ դուք դրա դեմ ի՞նչ կարող եք դնել:
Դե պարզ է... Ավելի լավ է ձեր գարեջուրը խմեք:
Комментариев нет:
Отправить комментарий