Մեր դպրոցում` ամեն ամսվա վերջում մեզ հանձնարարում են գրել հաշվետվություն: Հաշվետվությունները ստուգվում են և անպայման գնահատվում: Անցած տարի մի կերպ <<տակից դուրս եկա>>, բայց այս տարի սկսել եմ <<փիլիսոփայել>> նունիյսկ այդ թեմայի շուրջ:
Ամեն անգամ, երբ գործը հասնում է հաշվետվությանը, կանգնում եմ փաստի առաջ:
Չեմ սիրում հաշվետվություն գրել: Ոչ թե այն պատճառով, որ վախենում եմ ցածր գնահատական ստանալ (հաշվետվություն գնահատականով, ну надо же ), այլ այն պատճառով, որ գրելու բան չունեմ:
Իսկապես, ի՞նչ կարող եմ գրել ես, որ հետաքրքիր լինի և՛ ինձ, և՛, մանավանդ, ընթերցողին (անկախ նրանից մանկավարժական կենտրոնից է, թե ‹‹շառավիղից››):
Կարող եմ նկարագրել մասնագիտական դասերը: Մի քանի տերմին էլ (կամ եզրույթ, խոսենք հայերեն) կավելացնեմ, ու միանգամից կձևավորվի ստույգ մի կարծիք, որ ես շատ խելացի, բանիմաց ու… ձանձրալի անձնավորություն եմ: Ինքներդ մտածեք, ո՞ւմ է հետաքրքիր դիաֆրագման (չգիտեմ այս բառի հայերեն տարբերակը) և ֆոկուսը (սա էլ հայերեն բառ չի), մասնագետներից բացի, որոնք առանց իմ գրելու էլ արդեն վաղուց գիտեն այդ ամենը:
Կարող եմ նկարագրել հանրակրթական դասերի մեր ծրագիրը, բայց դա հետաքրքիր չի լինի նույնիսկ իմ հասակակիցներին:
Կարող եմ թվարկել իմ բոլոր բացակաների հարգելի ու անհարգելի պատճառները ու կանեմ, հենց որ իմանամ, որ մանկավարժական կենտրոնին օրորոցի պես քնացնող մի ստեղծագործություն է անհրաժեշտ:
Իսկ եթե փորձեմ պատմել իսկապես հետաքրքիր ու կարևոր իրադարձությունների՞ց: Բայց ախր դրանց մասին արդեն վաղո~ւց պատմել են ‹‹ավելի օպերատիվ աշխատող›› աշակերտները: Այս դեպքում կրկնությունը հաստատ գիտության մայրը չի:
Լավ, եկեք փորձենք պարզել, թե ի՞նչ է հաշվետվությունը, մասնավորապես ‹‹սովորողի հաշվետվությունը››: Իմ կարծիքով այն պիտի տարբերվի հաշվապահի հաշվետվությունից, չէ՞ որ մարդիկ թվեր չեն: Գոյություն չունի միջին ուսուցիչ, կամ միջին աշակերտ: Մեզանից յուրաքանչյուրը ՅՈՒՐահատուկ է, ունի իր ուրույն ձեռագիրը, ճաշակը, մտածելակերպը, տեսանկյունը (հետո՞ ինչ, որ հաճախ լռում ենք, կամ հայտնում ուրիշի կարծիքը` մոռանալով սեփականի մասին): Ուրեմն իր հաշվետվությունով աշակերտը պիտի կարողանա պատշաճ (կամ անպատշաճ, այս դեպքը նույնպես չի բացառվում) կերպով ներկայանալ իր ընթերցողին: Այսինքն, հիմա ես ոչ թե պիտի պատասխանեմ ‹‹Ի՞նչ եմ ես արել այս որոշակի ժամանակահատվածում›› հարցին, այլ պիտի փորձեմ պատասխանել ‹‹Ո՞վ եմ ես›› , կամ ‹‹Ինչպիսի՞ն եմ ես›› հարցին:
Դժվար հարց է, իսկ պատասխա~նը….
Ախր ես, ինչպես և համարյա բոլորը, ‹‹տարբեր եմ››: Մի դասին սուսիկ-փուսիկ, մյուսին` չափից շատ աղմկոտ: Մեկի համար` բարի ու համեստ, մյուսի` գոռոզ ու մեծամիտ: Մեկի համար` հետաքրքիր մի պերսոնաժ (կամ կերպար, եթե ցանկանաք), մյուսի` անհետաքրքիր մի անձնավորություն, зануда, ինչպես սիրում են ասել դեռահասները ռուսերեն թարգմանված ամերիկյան ֆիլմերում:
Եվ ինչպե՞ս բացատրել այս ամենը մի ‹‹ստեղծագործությունում››, որը դրվելու է մի շարքում հաշվապահական հաշվետվության հետ: Տեսնո՞ւմ եք, այսքան մտածելուց հետո ես նորից փաստի առաջ եմ կանգնած: Ի՞նչ գրել…
Գիտե՞ք, մաթեմատիկայից մենք անցել ենք լոգորիթմներ, ես անգիր գիտեմ Թումանյանի ‹‹Լուսավորչի կանթեղը››, չեմ սիրում Պուշկինի “Письмо Онегина к Татьяне”, դրա համար էլ չեմ կարողանում այն գեղեցիկ կարդալ, չեմ սիրում հաշվետվություն գրել, սիրում եմ շոկոլադ և այս ամենը մտածել եմ ավտոբուսում, որովհետև շատ եմ սիրում ավտոբուսով տուն գնալ…
…Այսպիսին եմ ես… բայց դա ոչ ոքի հետաքրքիր չի…
Արսենյան Սոնա
15 տարեկան
Գեղարվեստի ավագ դպրոց
112-րդ դասարան
(այ սա իսկապես կարևոր է)
Комментариев нет:
Отправить комментарий