Ամառ, հայ-թուրքական սահման, գյուղ Հայկաձոր :
- Հե~յ, նաչալնիկին կանչի~...
- Հիմա իմացա՞ք, որն է անլար հեռախոսը:
Ձեռքս մոտեցնում եմ բերանիս, որ չերևա, որ կամացուկ ծիծաղում եմ:
- Հիմա կգա, - ասում է փշալարերից այն կողմ գտնվող հայ զինվորը:
Տեսնես ի՞նչ է մտածում հիմա: Չէ, դեմքից էլ երևում է, որ խղճով է: Նրան էլ հաստատ դուր չի գալիս, որ այսքան կանայք ու երեխաներ սպասում են այս անտանելի արևի տակ: Հաստատ: Եթե նրա կամքը լիներ, առանց <<նաչալնիկին>> սպասելու կբացեր դռները ու կասեր. <<Անցեք, ժողովուրդ ջան, գնացեք ձեր եկեղեցին, հանգիստ աղոթք արեք>>: Հաստատ, ավելի ճիշտ, ես եմ ուզում, որ այդպես լինի, դրա համար էլ այդպես եմ մտածում:
Վերջապես գալիս է ռուս <<նաչալնիկը>>:
- Кто у вас главный?
Զարմանում եմ, ինչո՞ւ անպայման մեզ մոտ <<главный>> պիտի լինի: Մենք այստեղ բոլորս էլ հավասար ենք: Եվ ռուս <<նաչալնիկը>> միանգամից կոպիտ ու նույնիսկ մի քիչ վախենալի է թվում ինձ:
Մինչ տղամարդիկ պարզում են, ով է նրանցից <<главный>>, կանայք կատակում են. <<Հիմա մեզ գլխաքանակով հաշվելու են>>: Դառը կատակ էր...
Վերջապես <<նաչալնիկը>> թույլ է տալիս բացել դռները: Հերթով մտնում ենք ներս կամ դուրս ենք գալիս, արդեն ինքս էլ չեմ հասկանում: Հեռվում երևում է եկեղեցին: Միանգամից միացնում եմ <<լուսանկարչական ապարատը>> (ինչպես կասեր ընկեր Սոնան): Հետո անջատում եմ:
- Լուսանկարել կարելի՞ է:
Ուրիշ ժամանակ և ուրիշ վայրում երբեք թույլատվություն չէի խնդրի, այդ էր մնում պակաս: Բայց հիմա, չգիտես ինչու, հիշեցի ընկեր Սուսոյի վաղուց մոռացված դասերը. <<Ֆատոգռաֆը իրավունք ունի նկարել ամեն տեղ, բացի սեփական տարածքներից, օդանավակայանից, մետրոյից ու սահմանային տարածքներից>>: Ավելի լավ է, չհիշեի:
- Саму церковь фотографировать можете, но больше ничего.
- Եկեղեցին կարող եք նկարել, էրեխեք ջան, բայց այ գետի ափը արդեն չի կարելի, - թարգմանում է հայկաձորցիներից մեկը:
Թարգմանության կամ բացատրության կարիք չունեմ, ինքս էլ եմ հասկանում, որ ռուս <<նաչալնիկը>> դուրս ընդհանրապես չի գալիս:
Զինվորների ուղեկցությամբ շարժվում ենք դեպի եկեղեցի: Ինչո՞ւ են այդքան ուշադիր նայում, վախենում են, որ ինչ-որ ավելորդ բա՞ն կլուսանկարենք: Դե~, լուսանկարել չի կարելի... եկեղեցուց բացի:
Սկսում եմ լուսանկարել եկեղեցին: Գմբեթ, պատուհան, վառվող մոմեր: Երբ եկեղեցի է մտնում ռուս <<նաչալնիկը>>, անջատում եմ ապարատը: Նա կանգնում է դռան շեմին ու լսում <<Սուրբ, սուրբ>>-ը: Հետաքրքիր է, ի՞նչ է մտածում հիմա:
Դուրս ենք գալիս եկեղեցուց: Նորից եմ լուսանկարում այն, նորից ու նորից: Հանկարծ լսում եմ ռուս <<նաչալնիկի>> ձայնը.
- У меня есть фляжка с водой. Намочите лицо и шею.
Շրջվում եմ ու տեսնում, որ <<նաչալնիկը>> իր <<ֆլյաժկայից>> ջուր է լցնում հայկաձորցիների ձեռքերին: Չէ, երևի այդքան էլ վատը չի:
Արդեն համարյա հասանք դարպասներին: Վերջին հնարավորությունս է: Մեկ անգամ ևս նկարում եմ եկեղեցին: Հետաքրքիր նկար է ստացվում. առաջին պլանում ֆոկուսի մեջ չորացած չյուղեր, երկրորդ պլանում` ֆոկուսից դուրս` ճգնավոր եկեղեցին: Չեմ ասի, որ պատահական է ստացվել:
Ընկեր Սուսոն, երբ տեսնի այս նկարը, կասի.<<Ապրես, պլանների հետ ես աշխատել>>: Պատահական տեսնողը կասի.<<Է~, ինչո՞ւ ես եկեղեցին լղոզել>>: Բայց ինձ համար այս նկարը հիմա` մի քանի օր անց, յուրահատուկ իմաստ է ձեռք բերել: Չէ՞ որ եկեղեցին, որը սպասում է, թե երբ պիտի հայերը նորից գան և <<Սուրբ, սուրբ>>-ը երգեն, այդ եկեղեցին վերջնակետն է: Եկեղեցուց այն կողմ լուսանկարել չի կարելի:
Комментариев нет:
Отправить комментарий