Photo by Svetlana Antonyan
-Է~, Մեսրոպ Մաշտոցը մեր գրերի ստեղծողն ա: Ճիշտ ա, <<ադնագլազնիկում>> հայատառ չեմ գրում (աղջիկները լատինատառին ավելի հեշտ են կպնում), հայֆիկացված Nokia-ն էլ մի բան չի, բայց դե ասում են էդ մարդը հայ ժողովրդի համար <<անփոխարինելի ծառայություններ>> ա մատուցել: Բա իրա անունով մի հատ այգի չունենանք?
-Ինչիդ ա պետք, այ մարդ? Մաշտոցի պողոտա ունենք? Ունենք: Մատենադարան իրա անունով ունենք? Կա, մեկի տեղը էրկու հատ: <<Մեսրոպ Մաշտոց>> դպրոց կա? Հա: Էլ չեմ ասում համալսարանի մասին: Հերիք ա, էլի, էդ այգին ինչ ենք անում?
-Էդ էլ ես ճիշտ ասում: Ուր ա բուդկաների մասին հրամանը? Տուր, ստորագրեմ:
Իրականում ձեր տրամաբանությունը պարզից էլ պարզ է, պարոնայք պաշտոնյաներ: Ոզում էիք ցույց տալ բոլորին, որ աշխատում եք, լավ եք աշխատում: Որ մտահոգվում եք քաղաքացիների մասին և այլն, և այլն:
Չեմ ասում` չեք մտահոգվում, բայց դա անում եք յուրահատուկ կերպ:
Սկզբից ապամոնտաժեցիք Աբովյան փողոցի կրպակները: <<Երևանի փողոցները վերադարձնում ենք երևանցիներին>> - ահա ձեր լոզունգը:
Ճիշտ է, ծնողներս կարծում են, որ դա ճիշտ որոշում է: Բայց դե հեռուստացույցի առջև նստած ծնողներս որտեղի՞ց իմանան, ինչքա~ն տխուր է ապամոնտաժված կրապակների տեսքը:
(Հիմա էլ գետնանցումն եք վաճառել <<եղբայր ղարաբաղցինեին>>: Գիտե՞ք, այդ գետնանցումը մի իսկական ստորգետնյա քաղաք էր` քաղաք քաղաքի տակ: Եթե որևէ իր չէի կարողանում գտնել խանութներում, շտապում էի գետնանցում: Այնտեղ ամեն ինչ կար` գրքերից սկսած, վերջացած լահմաջոյով ու շաուրմայով:
Հանգստացրեք մեր թաղամասի բնակիչներին, ասեք, որ սեփականատերերը կվերանորոգեն անցումը, նոր խանութներ ու կրպակներ կբացեն:
Կվերանորոգե~ն, բա չե՞ն վերանորոգի:
Պարզապես մի հարց է տանջում ինձ. այդ ո՞ր մի քաղաքիրթ երկրում քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի հսկայական գետնանցումը սեփականատեր ունի:
Պատասխանը պարզից էլ պարզ է` Հայաստանում:)
Տղամարդը խոսքի տերը պիտի լինի:
<<Տղավարի>> խոսք էիք տվել, որ Աբովյան փողոցի կրպակների տերերին տարածքներ կհատկացնեք այլ վայրերում:
Գիտե՞ք, պարոնայք պաշտոնյաներ, դուք շատ մեծ սխալ եք գործել` հայ կանանց քաղաքականությունից հեռու պահելով: Դե հասկանո՞ւմ եք, <<աղջկա խոսքերը ասնավանի չի>>, իսկ տղամարդը պիտի խոսքի տերը լինի:
Լավ, խոսք ենք տվել, պիտի տակից դուրս գանք:
Տակից դուրս գալու համար որոշեցիք, որ կարելի է կառուցապատել Մաշտոցի այգին:
Դե, միևնույն է Մաշտոցը արդեն քանի~ հարյուր տարի է հողի տակ է, նրան այդ այգին միևնույն է պետք չի, համ էլ մայրաքաղաքը արդեն իր հարգանքի տուրքը մատուցել է մեկին, ով, ասում են, ինչ-որ անփոխարինելի ծառայություններ է մատուցել հայ ժողովրդին:
Բայց չէի՞ք կարծում, որ սրա տակից դուրս չեք գա:
Երևի արդեն քանի~ տարի է մոռանում եք օրացույց գնել, չգիտեք, ո՞ր թվականն է հիմա:
2012-ն է, հարգելիներս. աշխարհի վերջը չի, բայց 21-րդ դարն է:
Մոռացե՞լ եք, որ սա ձեր համար <<Սովետը>> չի, որ <<Ինչո՞ւ ես անում>> հարցին պատասխանեք. <<Լավ եմ անում>>:
Գիտե՞ք, Մաշտոցը հայ գրերը նրա համար չէր ստեղծել, որ դարեր հետո նրա անունով այգի ստեղծեն: Պարզապես ուզում էր փրկել իր ժողովուրդը: Եվ փրկեց:
Դուք միանգամայն իրվացի եք, Մաշտոցին այդ այգին պետք չի, ձեզ լինի:
Բայց այն մեզ է պետք:
Եվ խոսքը նրանում չէ, ովքե՞ր էին առաջնորդները, ի՞նչ քաղաքական շահեր ունեին, կամ ունեի՞ն արդյոք քաղաքական շահեր:
Խոսքը նրանում է, որ չեք ուզում գոնե մի զբոսայգի թողնել քաղաքի կենտրոնում: Եվ դա է ցավալի...
Комментариев нет:
Отправить комментарий