Մեռնելը հեշտ է, ապրելն է դժվար...
Սպանելը հեշտ է, ներելն է դժվար...
Սա անքակտելի ճշմարտություն է, որը վախեցնում է մարդկանց և ստիպում ընտրել չարության ուղին: Կամ ճանապարհը, թող շատ պաթետիկ չհնչի: Որովհետև ամեն ինչ չափից դուրս պարզ է:
Դժվարությունը ստիպում է մեզ...
Չէ, չի ստիպում: Այս աշխարհում ոչինչ չի կարող ստիպել մեզ փոխել արդեն ընդունված որոշումը, պարզապես երբեմն մեզ հուշում են, որ մենք ճիշտ ընտրություն կատարենք:
Բարի լինելը հեշտ չէ: Ընտրում ենք չարը: Ճիշտ որոշում է:
Չէ, իրականում դժվար չէ՜: Իրականում չարից խուսափելը հեշտ է, իսկ բռնությունից հրաժարվելը ավելի հեշտ... Պարզապես սպանությունից առաջ փակիր աչքերդ և փորձիր պատկերացնել՝ ում ես դու սպանում:
Երկու աչք, երկու ականջ, քիթ, բերան, միշտ սոված ստամոքս, միշտ անհանգիստ սիրտ՝ ոչ այնքան մեծ, որքան ստամոքսը, և մի երազանք՝ ավելի լավը լինելու, որը հաճախ մնում է միայն երազանք:
Փակիր աչքերդ, Մարդասպան, ու փորձիր հիշել...
Կրոնը մեզ հանդուրժողականություն և համեստություն էր սովորեցնում:
Հանդուրժողականությունը ամբողջ կյանքում այդպես էլ չսովորեցինք, որովհետև դա սովորելու կամ սովորեցնելու բան չի, դա, ինչպես ասում են, մեջից պիտի լինի:
Իսկ համեստությունը... Համեստությունը գյուտ չէ: Համեստությունը տառապանք է...
Մենք դա շատ շուտ ենք հասկանում ու հրաժարվում ենք դրանից: Հետո էլ տանջվում ենք խղճի խայթերից:
Չէ, իրականում խղճի խայթերից չենք տանջվում: Առհասարակ խիղճը չի տանջում: Խիղճը միայն ճշմարտությունն է մատնանշում: Իսկ տանջվում ենք մենք ինքներս, տանջվում ենք անհամեստությունից՝ սեփական սխալը նկատելու:
Ցանկացած բարեկիրթ երիտասարդ մանկուց գիտի, որ իսկական ջենթլմենը նա չէ, ով չի թափի աղը սփռոցին, այլ նա է, ով չի նկատի՝ ինչպես դա արեց իր հարևանը: Այդ դեպքում ինչո՞ւ այդ նույն կանոնը ընդունելի չէ սեփական վերքերին աղ թափելու պարագայում:
Ինքնախարազանումը նույնպես խրախուսվում է: Բայց վերջին հաշվով դա մի նույնպիսի անհամեստություն է, ինչպես կույրի հետևից բղավելը. ,,Տեսե՜ք, կույր է,,: Ու մենք տանջվում-տառապում ենք անհամեստությունից, մանավանդ այն խիստ անհամեստ մտքից, որ մենք իրոք կարող ենք տանջվել:
Սեփական վերքերին անընդհատ աղ լցնելուց էլ ծնվում է չարությունը, որից իրականում այնքան հեշտ է ազատվել:
Պարզապես փորձիր հիշել, մարդասպան:
Երկու աչք, երկու ականջ, քիթ, բերան, միշտ սոված ստամոքս, միշտ անհանգիստ սիրտ: Րոպե առաջ դու նրան էիր պատկերացնում, նրան, ում րոպե հետո կսպանես: Բայց հիմա ինչ-որ բան փոխվել է: Ախր նա այնքան նման է քեզ:
Հիշիր, մարդասպան, հիշիր ինքդ քեզ:
Երկու աչք... երկու ականջ... քիթ, բերան... միշտ սոված ստամոքս... փոքրիկ սիրտ... ու մեծ երազանք... ավելի լավը լինելու... որը այդպես էլ միայն երազանք մնաց... անիրագործելի... անհնարին... չափից դուրս ուտոպիական... չափից դուրս միամիտ...այսինքն՝ ոտքից գլուխ երազանք...
Երբեք ոչ ոք չի երազում վատը լինել: Ուզենք, թե չուզենք, մենք լավն ենք ուզում...
Փոքր ժամանակ ասում էիր, որ ուզում ես բժիշկ դառնալ, մարդկանց ավելի առողջ դարձնել:
Հետո՝ ուսուցիչ, մարդկանց ավելի խելացի դարձնել:
Հետո՝ դերասան, մարդկանց ավելի ուրախ դարձնել:
Հետո՝ փաստաբան, մարդկանց ավելի վստահ դարձնել:
Հետո՝...... մարդասպա՞ն....
Ի՞նչ կա որ:
Երկու ականջ, երկու աչք, քիթ, բերան, ստամոքս, սիրտ, երազանք: Այդ ամենը շատ հանգիստ կարող է և չլինել: Աշխարհում ընդհանրապես կարող են չլինել աչքերն ու ականջները: Աշխարհն առանց ստամոքսի էլ շատ հանգիստ կապրի: Մարդկային սիրտն էլ բավարար պայման չէ, մարդկային անսրտությունը ներելու համար:
Միայն թե...
Մարդասպանի թիվ մեկ խնդիրը. իսկ ի՞նչ անել երազանքի հետ:
Դու կարող ես կառուցել մի մեեեեծ տապան, սեփական ձեռքերով պտտել ջրհեղեղածին ծորակը և մարդկանց հուսալի ապահովությունից դուրս թողնել: Բայց ի՞նչ անել երազանքի հետ: Դու կարող ես փրկել կապիկի աչքերը, կոկորդիլոսի բերանը և շան սիրտը: Բայց այ քեզ բա՜ն: Երազանքը միայն մարդու հետ կփրկվի:
Մի անգամ էլ մտածիր:
Երկու աչք, քիթ, բերան, երազանք, սիրտ... կարծես ականջները մոռացար....
Ախր մենք այստեղ աչք ու ականջ հաշվելուվ չենք զբաղվում: Մենք չարությունից ենք փորձում ազատվել: Մենք բռնությունից ենք փախչում:
Սիրտ, ստամոքս... երազանք... Ահա հարցի պատասխանը:
Դու հիմա տեսար վերջին մարդու աչքերն ու բերանը: Նրա բերանը, ով գոռում է.
-Աստված, ինչի՞ համար:
Նրա, ով վերջինը լինելով, երբեք չի տեսնի առաջինին:
Նրա, ում հետ կմեռնի իր և մարդկության վերջին երազանքը:
Նրա, ում հետ կմեռնի և քո երազանքը՝ ավելի լավը լինելու: Այնքան հնարավոր... այնքան հավանական... այնքան հասանելի....
Բացիր աչքերդ, մարդասպան... ու խոստովանիր, որ չես երազել այսպիսի ապագայի մասին: Իսկ որ չես երազել, էլ ի՞նչ ես անում այստեղ: Թաքցրու քո զենքերը:
Ջրհեղեղը հետաձգվում է:
Իսկ դա նշանակում է, որ մենք դեռ ժամանակ ունենք մի քիչ ավելի լավը դառնալու...
Комментариев нет:
Отправить комментарий