Ծաղրածու

Մաս Ա
1 - Խեղկատակ
Հերոսի սենյակը:
Հատակին թափված են հերոսի զգեստները. տաբատներ՝ ջինս և ոչ միայն, շապիկներ, վերնաշապիկներ, երևացող տեղում կոշիկներն են: Սենյակի ձախ կողմում բացված դատարկ ճամպրուկ է: Դրա հետևում տումբա՝ վրան դասագրքեր: Կենտրոնում էլի մի տումբա, վրան՝ զարթուցիչ: Ձախ կողմում, մի փոքր առաջնամասում, էլի մի տումբա՝ վրան գույնզգույն գնդիկեր, թաշկինակներ, ծաղրածուական բարձր գլխարկ և այլն: Այդ տումբային հենված է ծաղրածուական պուտպուտիկավոր անձրևանոցը: Բեմի հետնամասում կախիչներից կախված են հերոսի վերարկուն, վերնաշապիկները: Հերոսը նստած է բեմի կենտրոնում, հատակին, զարթուցիչով տումբայի մոտ: Նրա հագին գույնզգույն գուլպաներ են, ծաղրածուական շապիկ՝ երկար թևքերով: Դեմքին ծաղրածուական գրիմ կա (ոչ ամբողջությամբ, կարմիր քիթը ու կարմիր շրթներկը Հերոսը հետո ինքն է լրացնելու):
-Ծաղրածուների կատակները այլևս չեն ուրախացնում: Ամեն ինչ տխուր է, մոխրագույն: Երիտասարդ իշխանիկը զայրացած է: <<Զվարճացրե՛ք ինձ, զվարճացրե՛ք>>: Եվ ահա իշխանի ծառաները հեծնում են իրենց արագավազ նժույգները և սար ու ձոր ընկնում: Նրանք ոտնատակ են անում մոտակա գյուղերը և վերջապես գտնում: «Այո, սա այն է, ինչ պետք է մեզ»: «Այս ի՞նչ զվարճալի փոքրիկ է»: «Իմ տղան է»: «Մայր, իշխանը հրամայել է, որ նրան ամրոց տանենք: Նա կզվարճացնի իշխանիկին»: «Ինչպե՞ս կարող է իմ տղան զվարճացնել իշխանիկին»: «Հիմար ճուտիկները միշտ էլ զվարճալի են: Հա-հա-հա»: Ծիծաղելու ոչինչ չկա, բայց նրանք ծիծաղում են: Ախ այդ հիմարիկ ճուտիկը: Հայտնվել է իշխանի ամրոցում, և քիթները ցցած երիտասարդները շրջապատել են նրան, իսկ նա զարմացած բացուխուփ է անում աչուկները. մայրիկին է փնտրում: Հա-հա-հա-հա, բոլոր կողմերից, իսկ նա ոչինչ չի արել, ոչինչ չի հասկանում: Հա-հա-հա այ քեզ կատակ-խեղկատակ:
Լույսը՝ ընդհանուր/գիշեր:
Դաժան պատմություն, դաժան մասնագիտություն: Ու ամենասարսափելին այն է, որ գիտես, որ խեղկատակությամբ էլ ոչ ոքի չես զարմացնի: Հարկավոր է մի նոր բան մտածել: Եվ ահա ծաղրածուները թաքնվում են սեփական անօգնությունից: Մեծ կարմիր քթեր են դնում, որ չերևան իրենց սեփական՝ ուրիշի գործերի մեջ մտնել-դուրս գալուց մաշված քթերը: (Դնում է քիթը:) Լայն, շինծու ժպիտներ են գծում, որ չերևա իրենց ժպտալու անկարողությունը: (Գծում է ժպիտ:) Հիմար գլխարկներ են հագնում (Դնում է գլխարկը), որ մարդիկ հանկարծ չտեսնեն այդ գլխարկների հետևում իրենց պես մարդկանց: Ու սկսվում է սկզբից մինչև վերջ կեղծավոր և սուտ խաղը: Հա-հա-հա: Ինչ ծիծաղելի է: Հա-հա-հա: Հի-հի-հի: Հէ-հէ-հէ: Հօ-հօ-հօ: Դուք վարակվեցիք իմ ծիծաղով: Հա-հա-հա:
Վարակվեցիք ծիծաղով: Ինչ հիմար արտահայտություն է: Ծիծաղը հո հարբուխ չէ, որ դրանով վարակվես: Ընդհանրապես, դուք երբևէ տեսե՞լ եք, որ մարդիկ լավ բանով վարակվեն: Վարակվում են խանդով, նախանձով, չարությամբ: Բայց ծիծաղո՞վ, երջանկությա՞մբ: Ձեր կարծիքով մարդիկ կիսո՞ւմ են ընկերների երջանկությունը: Ոչ, նրանք միայն նախանձում են, որ կողքինն է բախտավոր, ոչ թե իրենք: Եվ մի՞թե կարելի է երջանկությունը կիսել: Այն միայն հափշտակել է հնարավոր: Ագահորեն գռփել՝ մի փշուր իսկ չթողնելով նախկին տիրոջը: Որովհետև երջանկությունը կիսատ չի լինում:
Իսկ ծիծա՞ղը: Փորձեք կիսել ծիծաղը: Փորձեք կիսատ ծիծաղել: Ախր այդպես խեղդվել կարելի է: Ուրեմն՝ վերցրեք այն, ամբողջը ձեզ վերցրեք: Ինձ մի թողեք, այլապես հաշվելով բռիս մեջ մնացած ծիծաղի փշուրները՝ ես ինքնըստինքյան կհաշվեմ՝ քանի մարդ կար դահլիճում, որ չէր ծիծաղել այս երեկո  Ու եթե հանկարծ պատահաբար նկատեք՝ ինչպես եմ ես սրբում արցունքները անձրևանոցի հետևում, մի անհանգստացեք: Դա նշանակում է, որ ես չեմ ափսոսում և ոչ մի փշուր, որ գրպաններումս ոչինչ չեմ թաքցրել ձեզանից: Հա-հա-հա
Պանտոմիմա

2 – Ամենաերկար բառը
Զարթուցիչ:
(Հերոսը կտրում է զարթուցիչի ձայնը, արագ հանում ծաղրածուի շապիկը, երևում է ձեռքի ժամացույցը, որ կապած էր շապիկի երկար թևի տակից, հագնում է կոշիկները: Հետո կախիչներից հանում սպիտակ և գույնզգույն վերնաշապիկները: Հանդիսատեսին հարցնում՝ սա՞, թե սա՞: Բայց միևնույն է ընտրում է սպիտակը՝ ասելովԻհարկե սա, դպրոց եմ գնում: Հետո կապում է փողկապը:)
-Ատում եմ առավոտները: Առավոտյան ամեն ինչ պարզ է դառնում, այդ թվում՝ և այն, որ ես երբեք ծաղրածու չեմ դառնա: Թվում է, թե ինչ մի երանելի բան է, որ քեզ վրա ծիծաղեն. չէ՞ որ մարդիկ ամեն կերպ խուսափում են դրանից, անգամ՝ վախենում: Մաման ասում է, որ միայն հիմարը կարող է թույլ տալ ուրիշներին ծիծաղել սեփական անձի և արժանապատվության վրա: Գեղեցիկ է հնչում, հատկապես նրանց համար, ովքեր չգիտեն՝ ինչ ասել է ուրիշին ծիծաղեցնել և որքան դժվար է դատեսնել անտարբերություն դիմացինի աչքերում ու հասկանալ, որ իրականում դու նրան պետք չես:  Դու ոչ մեկին էլ պետք չես: Բոլորն ունեն իրենց հոգսերը, բոլորը բոլորից ժամանակ են խլում (նայելով ձեռքի ժամացույցին), մինչդեռ բոլորն էլ ուզում են այդ ժամանակը խնայել իրենց համար: Վերցրեք այն ժամանակը, որ ծախսելու էիք կրկեսում, (հանելով ձեռքի ժամացույցը) ձեզ պահեք այն (ժամացույցը գրպանը դնելով) : Ու երբ պարտեզում լացող ուռիների հետ զբոսնելիս դուք հանկարծ ժպտաք, որովհետև վերջապես մնացել եք դեմ-դիմաց ինքներդ ձեզ հետ, ում այնքան կարոտել էիք, իմացեք, որ դա իմ շնորհքն է: Որովհետև իրականում դուք ոչ մի տեղ էլ չեք գնացել: Դուք այնքան քաջություն չունեցաք, որ վճարված տոմսը թողնեք տոմսարկղում և լքեք ներկայացումը: Իսկ այն պարտեզը, որտեղ զբոսնում էիք, և լացող ուռիները և դուք ինքներդ, որ ժպտում էիք ձեզ, այդ ամենն իրականում միայն իմ աչքերի արտացոլանքն էր: Եվ դուք ծիծաղում եք ոչ թե իմ հիմար կատակների վրա, այլ իմ տխրության, որովհետև այն նաև ձեր տխրությունն է: Որովհետև միայն այստեղ՝ կրկեսում, դուք հասկանում եք, որ կա մեկը, ով չի ուզում իր ժամանակը պահել իրեն… Լինել այդքան անհրաժեշտ և այդքան անպետք… ախր դա այնքան դժվար է
Զարթուցիչ:
-Ներեցեք, բայց եթե ես մի քիչ էլ մնամ ձեզ հետ, պարզապես դասից կուշանամ: Իսկ այսօր առաջին դասաժամին անգլերենն է: Մաման շատ է ջղայնանում, հատկապես երբ անգլերենի դասերից եմ ուշանում: Ասում է, որ դա ամենակարևոր առարկան է, որ մենք անցնում ենք դպրոցում: Չգիտեմ՝ ինչու: Ինքը չի ասում, իսկ ես չեմ հասկանում: Ախր ո՞նց կարող է անգլերենը լինել ամենակարևոր առարկան, երբ մենք դպրոցում հայերեն ենք անցնում: Հըմ, զարմանալի է: Լավ, հետո կմտածեմ այդ մասին, ուշանում եմ:
(Վերցնում է անհրաժեշտ գիրքը ու գնում:)
Լույսը՝ միայն առաջին պլանում, այնպես որ սենյակից մնացել են միայն խավար սիլուետներ:
(Մտնում է դասարան:)
-Sorry, I am late.
Ձայն. – Children, what can you say about Her Magisty English language?
-I can say which is the longest word in English language. May I? It is SMILES. Because there is a MILE between the first and last letters!
Ձայն. – Good joke, boy.
-Is it funny? Մի՞թե դա ծիծաղելի է: Այդ ինչ տարօրինակ լեզու է, որտեղ մի ժպիտից մյուսին հասնելու համար պետք է անցնել մի ամբողջ մղոն: Պատկերացրեք, որքան դժվար է անգլիացի ծաղրածուների աշխատանքը: Նրանք ստիպված են վազքի չեմպիոններից ավելի արագ վազել գոնե հինգ-վեց ժպիտ տեսնելու համար:
 Ձայն. – Keep silence!
-No, I don’t! Լեզուն ստեղծված է խոսելու համար: Այդ ի՞նչ լեզու է, եթե չի կարելի խոսել նույնիսկ ժպիտների մասին: Մի՞թե դա քաղաքականություն է, որ լռում ենք: Ժպիտ է, սովորական ժպիտ: Այն ոչ ոքի իրավունքները չի խախտում, դեռ մի բան էլ հաստատում է, հաստատում է մարդկանց երջանիկ լինելու իրավունքը, եթե այդպիսին կա որևէ սահմանադրության որևէ կետում: Ինչո՞ւ չի կարելի խոսել ժպիտների և ծաղրածուների մասին: Որովհետև նրանք այնքա՞ն էլ հարգված չեն: Իսկ ի՞նչն է հարգի: Անգլերե՞նը: Անգլերենը հարգի է քանի դեռ կան ծաղրածուներ, ովքեր անգլերեն են ժպտում, իսկ եթե չլինեն, ո՞ւմ է պետք լինելու այդ լեզուն, թեկուզև ամենաinternational-ը լինի:
Ձայն. - Out!!! Go out!!!
Հերոսը անհանգիստ քայլում է այս ու այն կողմ: Այդ ընթացքում լսվում են ձայները՝ Ուսուցչուհու և Մոր:
Ուսուցչուհի. – Ես այդպիսի պահվածք դեռ չէի տեսել:
Մայր. – Ներեցե՛ք: Չեմ հասկանում՝ ինչ պատահեց, ախր նա երբեք իրեն այդպես չէր պահել:
Ուսուցչուհի. – Խորհուրդ կտամ ձեզ ձեր որդուն տանել դպրոցական հոգեբանի մոտ: Գուցե կարողանա օգնել:
Մայր. – Բայց իմ տղան...
Ուսուցչուհի. – Խորհուրդ կտամ անպայման հետևել իմ խորհրդին:
Մայր (հառաչելով). – Լավ...


3 – Ծաղրածուն և թախիծը
(Հերոսը գլուխը կախ գալիս է, նստում բեմի առաջնամասում: Լսվում են ոտնաձայններ: Հերոսը բարձրացնում է գլուխը: Հոգեբանի հետ խոսելիս նա անընդհատ պետք է նայի հանդիսատեսներից մեկի աչքերին, որպեսզի վերջինիս և բոլորի մոտ տպավորություն ստեղծվի, որ հենց նա է Հերոսի զրուցակիցը:)
-Բարև ձեզ: Շնորհակալություն: Ինչպե՞ս թե ինչի համար: Նրա համար, որ ուզում եք օգնել ինձ: Ես դա հասկանում եմ ու գնահատում: Գիտե՞ք՝ մեր ժամանակներում այնքան դժվար է գտնել մեկին, ով իսկապես ուզում է օգնել դիմացինին: Ո՜չ, ես հոռետես չեմ: Ոչ էլ տխրելու պատճառ ունեմ: Չնայած տխրելու պատճառ միշտ էլ կգտնվի: Այ օրինակ՝ այն, որ մաման չի ուզում, որ ես ծաղրածու դառնամ: Մեկ էլ՝ անգլերենի անվերջ դասերը: Այո, ես ուզում եմ ծաղրածու դառնալ: Ինչո՞ւ չի ստացվի: Բայց ես հոռետես չեմ: Իսկ սա, սա «մասնագիտական թախիծ» է, ես այդպես կասեիԻնչո՞ւ եք զարմանում: Իրականում թախիծն ու ծաղրածուն անբաժան են: Գիտե՞ք, մի հայտնի պատմություն կա, դուք այն հաստատ դպրոցում անցած կլինեք... անգլերենի դասերին...
(Տեսարան:)
Ուրեմն՝ մի բժշկի մոտ գալիս է մի մարդ ու ասում է.
-Բժիշկ, ես այլևս չեմ կարողանում ծիծաղել: Ոչինչ չի կարող ուրախացնել ինձ: Ի՞նչ անեմ:
Բժիշկն ասում է.
-Գնացեք թատրոն, այնտեղ շատ զվարճալի կատակերգություն են ցույց տալիս: Հաստատ կծիծաղեք:
Հաջորդ օրը հիվանդը նորից է գալիս բժշկի մոտ.
-Բժիշկ, կատակերգությունը չօգնեց ինձ:
-Ինչպե՞ս թե: Լավ, այդ դեպքում գնացեք օպերետ: Այնտեղ երգում են, պարում, կատակում: Հաստատ կուրախանաք:
Հաջորդ օրը նորից.
-Բժիշկ, չի օգնում:
-Լավ, դե ուրեմն գնացեք կրկես: Այնտեղ ամեն երեկո մի ծաղրածու է ելույթ ունենում: Նրան նայելիս դուք հաստատ կծիծաղեք, լսո՞ւմ եք, հաս-տատ:
-Այո, բժիշկ, ես կգնամ կրկես: Բայց գիտեք ի՞նչ կա: Ես եմ այդ ծաղրածուն:
Դուք տխրեցի՞ք: Մի տխրեք, այսօր դա իմ մենաշնորհն է, որովհետև երբ ծաղրածուն բեմ է դուրս գալիս, ոչ ոք արդեն իրավունք չունի չծիծաղել: Լսո՞ւմ եք, իրավունք չունի:
Պանտոմիմա - Փուչիկ: Հերոսը գրպանից հանում է փուչիկը փչում այն, խաղում դրա հետ: Հետո քամին հանկարծ ուզում է պոկել փուչիկը նրա ձեռքից: Նա պայքարում է քամու դեմ, պտտվում տեղում, փորձում ամեն կերպ պահել փուչիկը: Ի վերջո, դա նրան հաջողվում է: Նա ուրախությունից թռչկոտում է, գրկում փուչիկը, և այն պայթում է: Պայթյունից վախեցած՝ հերոսը գետնին է ընկնում (լավ կլինի, որ շպագատ իջնի):


4 – Գնդիկների պարը
Հերոսի սենյակը: Նա հանգիստ դասավորում է դասագրքերը այնպես, որ աչքին չերևան, վերցնում է գնդիկները և սկսում <<ժոնգլյորություն անել>>: Այդ ողջ ընթացքում լսվում է մոր ձայնը:
Մայր. – Խայտառակեցիր, թողեցիր: Հիմա ես ի՞նչ երեսով եմ գնալու ծնողական ժողովներին: Ի՞նչ են ասելու: Որ տղաս խեղկատակ է: Գոնե մի կարգին բանով զբաղվեիր, թե չէ ՝ ծաղրածու: Չէ մի, առյուծներ վարժեցնող: Թե ասա ինչ ես գլուխդ մտցրել, չես կարողանում ազատվել էդ մտքից: Գոնես սիրահարվեիր, պրծնեինք քո էս տարօրինակություններից: Թե չէ ասա՝ ո՞ր մի կարգին աղջիկը քո նման մեյմունին կնայի:
-Ցավալի է, բայց փաստ: Նույնիսկ սիրահարվելու մասին մաման էնպես է խոսում, կարծես անիծում է: Ասում են՝ մայրական անեծքը խփում է ուղիղ նշանակետին: (Գնդիկով հարվածում է ուղիղ դասագրքերի կույտին:) Ճիշտ են ասում: Սիրահարվեցի…
(Մնացածը ասելու է բեմի ծայրին նստած, շարունակելով жонглировать գնդիկները ու նայելով ուղիղ հանդիսատեսներից մեկի աչքերին:)
-Իմ գնդիկները պարում են: Պարում են քեզ համար: Չնայած դու նրանց չես նայում: Ուզում ես ցույց տալ, որ ո՛չ ես, ո՛չ էլ գնդիկներս քեզ հետաքրքիր չեն: Իսկ նրանք պարում են ու պարում: Պարում են ինձ համար: Որ ես, նրանց հետևելով, աչքի պոչով կարողանամ նայել և քեզ, ոտքից գլուխ չափել քեզ և նորից ու նորից հասկանալ, որ ես իսկապես սիրում եմ քեզ: Ասում են՝ մեր տարիքում դա միանգամայն սովորական երևույթ է: Բայց ինձ համար անսովոր է, որովհետև առաջին անգամ է, որ գնդիկներին հետևելու փոխարեն ես քեզ եմ նայում: Ու գնդիկներս ընկնում են: (Գնդիկները ընկնում են:) Իսկ ես շարունակում եմ նայել քեզ, որովհետև հիմա դա կարևոր չէ: Պատկերացրու մի տղա, որ գնդիկներ է պարեցնում ու սիրում է մի աղջկա: Թվում է, թե սովորական մի պատմություն է, բայց գուցե քեզ համար այն մի փոքր տարօրինակ է: Դու մի՛ վախեցիր: Դու ստիպված չես լինի կիսել ինձ գնդիկների հետ: Ինչ-որ տեղ դու նրանց ես նման: Մի՛ նեղացիր: Ես պարզապես ուզում եմ ասել, որ դու էլ նրանց պես փխրուն ես ու կարող ես այդպես պարել…
(Գնդիկները նորից պարում են:)
Նրանք պարում են քեզ համար: Որ դու մի պահ մոռանաս աղջկական քո բոլոր խաղերը ու շշմած նրանց նայես: Իսկ հետո գնդիկների հետևում հանկարծ տեսնես իմ սիրահարված աչքերը: Պատկերացնո՞ւմ ես, այս գնդիկների հետևում մարդ է կանգնած: Գուցե դա շատ սովորական ու հասկանալի մի բան է, բայց մեզ համար այն հանկարծակի բացահայտված գաղտնիքի պես է: Ես ԿԱՄ, ես գնդիկների հետևում եմ, ու դու նայում ես ոչ թե իմ գնդիկներին, որոնք իրականում պարում են միայն քեզ համար, այլ ԻՆՁ ես նայում: Ու այդ պահին ես երջանիկ եմ: Ես պատրաստ եմ քեզ համար Երկրագնդիկը պարեցնել: Դու մի զարմացիր: Ինձ համար Երկիրը այս գնդիկների չափ մի բան է, նույնիսկ ավելի փոքր. չէ՞ որ ես կարողացա կտրել ամենամեծ հեռավորությունը՝ քո սուտ խաղի ու ինձ բացահայտելու անկեղծ զարմանքի տարածությունը: Հիմա դու գիտես, որ կա մեկը, ով քեզ համար պատրաստ է դառնալ առյուծներ վարժեցնող, նույնիսկ լարախաղաց: Չնայած մեր երկուսից դու ես վարժեցնողը. չէ՞ որ վաղուց ընտելացրել ես ինձ ու դու ես լարախաղացը, որովհետև խաղում ես իմ ջղերի լարերով: Իսկ ես…
Ես մի սովորական ծաղրածու եմ, ով պատրաստ է անվերջ դիմանալ ցանկացած ծաղրի Երկրագնդի բնակչության հինգ միլիարդ  ինը հարյուր իննսունինը միլիոն ինը հարյուր իննսունինը հազար ինը հարյուր իննսունինը մադկանց կողմից, միայն թե նրանց հետ չլինի վեցմիլիարդերորդը՝ այն միակը, ով կարող է երջանկացնել ծաղրածուին: Դու նրանց հետ չես: Ու ես երջանիկ եմ: Ու պտտում եմ քեզ համար ասեղի գլխիկի չափ դարձած Երկրագնդիկը՝ իր համարյա վեց միլիարդ բնակչությամբ: Երկու հոգի պակասում են: Մենք նրանց հետ չենք: Ու ես երջանիկ եմ: Իսկ դո՞ւ…
Վարագույր:

Մաս Բ
1-Իմացումի «հրճվանքը»
Հերոսի սենյակը: Զարթուցիչը, պուտպուտիկավոր անձրևանոցը, գնդիկները, ծաղրածուկան գլխարկը, գունավոր թաշկինակերը իրենց տեղերում են: Բայց այ գրքերը անհետացել են: Նրանց փոխարեն տումբային հայտնվել է մի մեծ կանաչ ծրար: Շորերն էլ չկան: Մնացել է միայն կախիչից կախված վերարկուն: Ճամպրուկը փակ է: Սենյակը շատ ավելի մաքուր, բայց և շատ ավելի դատարկ տեսք ունի:
Մտնում է Հերոսը՝ գնդակի վրա բալանս պահելով: Նրա հագին նորից ծաղրածուի երկար թևքերով շապիկն է, տաբատի տակից երևում են գույնզգույն գուլպաները: Դեմքին մի թեթև գրիմ կա, մեծ կարմիր քիթն էլ իր տեղում է:
-Չէ, չէ, չէ, չէ... Չընկնես... Չընկնես... Վայ... (Ընկնում է գնդակից ու սկսում ծիծաղել):
Հոգեբանն ասաց, որ իսկական ծաղրածուն երկար ժամանակ տխուր չի մնում:
Երկու պատճառ կա: Նախ՝ ինչպե՞ս կարող ես դու ծիծաղեցնել որևէ մեկին, եթե ինքդ կյանքում չես ուրախացել: Ստացվում է, որ ծաղրածուի համար մասնագիտական նշանակություն ունի ժամանակ առ ժամանակ ուրախանալը: Եվ երկրորդ՝ ցանկացած ծաղրածու կարող է մոտենալ հայելուն և ծիծաղեցնել այնտեղից իրեն նայող մարդուն:
(Մոտենում է բեմի ծայրին: Հայելին այս տեսարանում դահլիճն է: Հերոսը տարբեր ծամածռություններ է անում՝ նայելով հայելուն: )
Մոր ձայնը. – Նորից սկսեցիր մեյմունություն անելը: Ե՞րբ ես վերջապես մի խելքը գլխին գործով զբաղվելու: Գոնե գնա անգլերենդ պարապիր, որ դասատուներդ քեզնից չբողոքեն:
-Իսկույն, մայրիկ, անգլերեն, անգլերեն ու կրկին անգլերեն: (Հերոսը պատասխանում է շատ ուրախ, խոսում է այնպես, կարծես թե երգում է, սենյակով քայլելիս թռչկոտում է:)
-A journey of a thousand miles begins with a single step.
A house is not a home.
East or West, Home is the best.
(Թռչկոտելով գալիս հասնում է գրքերի տումբային:) The best. Անգլերե՞ն: Մա՜մ, դասագրքերս ո՞ւր են:
Մայր. – Ճամպրուկի մեջ նայիր, կգտնես է՛լի:
-Ճամպրուկի՞: (Արագ բացում է ճամպրուկը, գտնում այնտեղ գրքերը և շորերը: Հետո նայում տումբային, տեսնում ծրարը, գիրքը ձեռքից վայր է ընկնում: Նա արագ բացում է ծրարը, մի պահ քարանում, հետո կտրուկ վայր ընկնում:)
-Ասում են՝ երազանքները կատարվում են: Ճիշտ են ասում: Բայց չգիտես ինչու մոռանում են ավելացնել, որ մեկի երազանքը միշտ կատարվում է ուրիշի երազանքի հաշվին: Այնպիսի տպավորություն է, որ երազանքների կատարման տարեկան չափաքանակ կա: Որ կա մեկը, ով որոշում է՝ Երկրագնդում այս տարի կիրականանա այսքան երազանք: Ու այդ այսքանը միշտ Երկրի բնակչությունից քիչ է, շատ ավելի քիչ… Դե ձեզ տեսնեմ, մարդի՛կ, պոկեք երազանքը մեկդ մյուսի ձեռքից: Եթե իրականանա նրանը, քոնը այս տարի հաստատ միայն երազանք կմնա: Ու այդպես ամեն տարի: Երջանիկ լինելու համար պետք է պոկես, տանես ուրիշին հասանելիք կամ ոչ հասանելիք երջանկությունը: Չնայած դա այդքան էլ կարևոր չէ, կարևորն այն է, որ երազանքները իրոք իրականանում են, պետք է միայն մի քիչ պայքարել:
Ահավասիկ: Ծնողներս արդեն վաղուց են երազում Ամերիկա գնալ: Խնդրեմ, Գրին քարտը պատրաստ է (ցույց է տալիս ծրարը), ինքնաթիռի տոմսը գնել են, ամեն ինչի համար պայմանավորվել:  Իսկ իմ երազանքը պիտի սպասի մինչև մյուս տարի, որովհետև եթե ես գնամ Ամերիկա, ես հաստատ ծաղրածու չեմ դառնա:
Լույսը՝ դիմացից: Հերոսը ձեռքերով փակում է երեսը, որ լույսը չծակի աչքերը:
-Ի՞նչ պատահեց քեզ: Ծարածուի համար ի՞նչ նշանակություն՝ ո՞ր երկրում է նա ապրում: Չէ՞ որ նա պիտի կարողանա ցանկացած մարդու ծիծաղեցնել: Ի՞նչ տարբերություն՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Ամերիկայում:
-Տարբերություն կա: Օտար միջավայր, օտար մարդիկ, օտար վարք ու բարք: Եվ դու ես օտար: Ու այդ օտարության մեջ այլևս չես կարող բաց լինել մարդկանց համար: Բոլորին ուրախացնելը դառնում է սարսափելի մի բան, և քեզ նայող ցանկացած ժպիտ հեգնական է թվում: Ախր ծաղրածու բառը սխալ մի հասկացեք: Ծաղրածուն նա չէ, ով ծաղր ու ծանակի է ենթարկվում բոլորի փոխարեն ու մի կերպ դիմանում դրան, որովհետև այլ ելք չունի, այլ նա, ով պատրաստ է ծաղրվել, որ բոլորը ծիծաղեն: Իսկ ինչպե՞ս կարող ես թույլ տալ ուրիշին ծիծաղել քեզ վրա, եթե ինքդ ծռմռված մի ժպիտ էլ չես կարող ներկայացնել որպես հակահարված:
Չէ՛, չեմ ուզում այդպես, չեմ ուզում:  (Վազում է գնդիկներով տումբայի մոտ, արագ հագնում վերարկուն, գնդիկները ու գունավոր թաշկինակները մտցնում գրպանները, վերցնում անձրևանոցը ու վազում դեպի ելքը բեմից: Մի պահ կանգնում է, գալիս առաջ:)  Երբ փոքր էի, ու երեկոները փախչում էի հարևան Հովնան պապիկի տուն՝ հեքիաթ լսելու, ասում էիք՝ տնից փախչել չի կարելի, ոչ-մի-դեպ-քում: Հիմա էլ դո՛ւք եք փախչում տնից: Փախչում այնքան հեռու, որ դա փախուստ էլ չես անվանի, այլ մազապուրծ լինել: Մի բան ասում եք, այլ բան անում: Դե, ուրեմն՝  ես ձեր ասածներին էլ չեմ հավատում: Լսո՞ւմ եք: Ես ձեզ չեմ հավատում: Ուզում եք անգլերեն թարգմանեք, ուզում եք հայերեն հասկացեք, իմաստը մնում է նույնը՝ ԵՍ ՁԵԶ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ: (Դուրս է վազում:)
Լույսը մարում է:

2 – Բոլոր երազանքները վաղ թե ուշ իրականանում են
Լսվում է անձրևի ձայնը: Լույսը դանդաղ բացվում է այնպես, որ լավ լուսավորված մնա միայն բեմի առաջնամասը, իսկ ետնամասը՝ Հերոսի սենյակով հանդերձ, մնա որպես աղոտ սիլուետ:
Հերոսը մտնում է դահլիճից, անցնում առաջին շարքի մոտով, նստում բեմի ծայրին: Բացում է պուտպուտիկավոր անձրևանոցը և կախում գլուխը:
-Անձրևոտ եղանակին լաց լինելը ամենաճիշտ բանն է: Մի կաթիլ ավել, մի կաթիլ պակաս, և ո՞վ կհասկանա, որ այտերովդ գլորվում է արցունք, ոչ թե անձրևի մի կաթիլ: Մյուս կողմից կարող ես համոզել ինքդ քեզ, որ երկինքն էլ է լաց լինում քեզ հետ: Գուցե քեզ այդքան միայնակ չզգաս այս մտքից: Իսկ գուցե հակառակը, հասկանաս՝ որքան խղճուկ ու միայնակ է մարդը, եթե հույսը դնում է գոլորշիացած և մթնոլորտում պնդացած ջրի վրա: Սա ընդամենը ջուր է: Ունի իր քիմիական բաղադրատոմսը և զուտ կենսաբանական հոգսերը՝ ջրել ծառերը, գոլորշիանալ նրանց տերևներից ու հետո նորից թափվել օվկիանոսների վրա ու հետո նորից գոլորշիանալ՝ ուրիշ ինչ-որ տեղ թափվելու համար: Եվ ի՞նչ գործ ունի այդ ջուրը, այդ H2O-ն քո դժբախտության հետ: Իրականում՝ ոչ մի: Բավական է ինքնախաբեությամբ զբաղվես, խղճուկ, թույլ, արցունք կուլ տվող մարդ արարած: Երկինքը չի տեսնում քո արցունքները: Ուզենա էլ՝ չի տեսնի. դու չափից դուրս փոքր ես, որ նա քեզ տեսնի: Իսկ քո արցունքնե՞րը... Դե ի՞նչ, մի կաթիլ ավել, մի կաթիլ պակաս, ո՞ւմ ի՞նչ գործ...
Լսվում է հեկեկոց: Հերոսը նայում է դահլիճին: Մնացածը ասելու է՝ հանդիսատեսներից մեկին նայելով, ու բոլորի մոտ պետք է այնպիսի տպավորություն ստեղծվի, որ նա խոսում է հենց այդ մեկի հետ:
-Իսկ դու ինչո՞ւ ես լաց լինում, փոքրի՛կ: Ի՞նչ դարդ կարող ես ունենալ դու: Դու նույնիսկ դպրոց չես գնում, անգլերեն ասացվածքներ չգիտես, ծնողներիդ շատ ես սիրում ու դեռ չգիտես, որ կգա մի ժամանակ, երբ կհասկանաս, որ քո երազանքները իրականում ոչ ոքի չեն հուզում: Յուրաքանչյուրն ունի իր կյանքը, իր երազանքը ու պիտի պայքարի դրանց համար: Դու էլ պիտի պայքարես: Իսկ եթե չկարողանաս պայքարել, ստիպված կլինես հնազանդվել: Օ՜, դրանից վատ բան չկա: Դու դեռ չգիտես դա, դեռ խելոք երեխա ես, ծնողներիդ լսում ես ու ամեն Նոր տարվա գիշեր բարձիդ տակ նվերներ գտնում՝ <<Ձմեռ պապիկից լսող բալիկին>>: Բայց հենց մեծանաս ու հնազանդվես, կհասկանաս, որ դավաճանել ես: Ինքդ քեզ ես դավաճանել, քո երազանքին, քո սպասումներին ու հույսերին՝ այն ամենին, ինչին հենց դու ես կյանք տվել, պահել, փայփայել, գուրգուրել՝ բոլորին դավաճանել ես: Այդ պահին ես հասկանում, որ ինչ-որ պարագայում այնքան էլ արժանի չես երազանք ունենալուն. էլ ինչի՞դ էր պետք, եթե չէիր կարողանալու այն պաշտպանել: Թող, ավելի լավ է, քո երազանքը հասներ մի ուրիշ փոքրիկի, մեկին, ով ատամներով կսեղմեր այն ու չէր տա ոչ մեկի: Հիմա դու չգիտես, բայց հետո կիմանաս, որ երազանքներն էլ չափաբաժնով են, ու եթե պատրաստ չես պայքարել քո երազանքի համար, ավելի լավ է փոստով ուղարկես այն Երկրագնդի մյուս ծայրը, որտեղ ապրում են հպարտ մարդիկ, ովքեր չեն դավաճանում իրենք իրենց:
(Լացը ուժգնանում է: )
-Ի՞նչ եմ անում: Ու ես պիտի ծաղրածո՞ւ դառնամ: Ծաղրածու, որ միայն ցա՞վ է պատճառում: Եվ այն էլ ո՞ւմ, մի երեխայի, ով ամենայն հավանականությամբ մայրիկին է կորցրել ու հիմա լաց է լինում: (Ինքն իրեն:) Հիմա՛ր, դու երբեք չես դառնա ծաղրածու: Ու ոչ թե այն պատճառով, որ ծնողներիդ երազանքն է կատարվել, այլ որովհետև դու բավականաչափ բարի չես մարդկանց ուրախացնելու համար: (Հանդիսատեսին:) Փոքրիկ, փոքրիկ, մի լսիր ինձ: Ախր ինչո՞ւ ես ինձ լսում: Ես էլ քեզ պես մի երեխա եմ: Գուցե շատ շուտով վերջնականապես հրաժեշտ տամ իմ մանկությանը, բայց դա չի նշանակում, չէ՞, որ ես ամեն ինչ գիտեմ այս Աշխարհի մասին: Իրականում ես ոչինչ չգիտեմ: Իրականում ես ստում էի քեզ երազանքների մասին: Ես միայն մի ճշմարտություն գիտեմ՝ որ բոլոր երազանքները կատարվում են, վաղ թե ուշ բոլոր երազանքներն են կատարվում... ԲՈԼՈՐ: (Հեկեկոցը լռում է:) Մնացածը դու ինձ ասա, փոքրիկ: Ասա, որ իմ երազանքն էլ կիրականանա: Ասա, որ անձրև է գալիս, որովհետև այս աշխարհում ինչ-որ մեկը պիտի մի քիչ մեծանա: Ասա, որ մեր երազանքները իրականանում են ոչ թե այն ժամանակ, երբ խլում ենք ուրիշինը, այլ միայն այն դեպքում, երբ ճանապարհ ենք տալիս նրանց: Ասա, որ եթե Երկրագնդի յուրաքանչյուր մարդ մի պահ ժպտա, ծաղրածուները այլևս մասնագիտական թախիծի կարիք չեն ունենա: Ասա, որ մենք մեծանում ենք միայն այն ժամանակ, երբ հասկանում ենք այն, ինչ ամեն երեխա առանց մեծանալու էլ շատ լավ գիտե: Մեկ էլ անձրևի ժամանակ: Ասա, որ մենք երբենք չենք լքում մեր սիրելիներին՝ ոչ սիրելի մարդկանց, ոչ էլ հարազատ տունը, որովհետև այն միշտ մեզ հետ է մնում: Ասա, դո՛ւ ինձ ասա: Ախր դու ամեն ինչ ինձնից լավ գիտես: Լաց լինելու կարիք չկա: Որովհետև ամեն դեպքում դու մենակ չես: Ու չես կարող մենակ լինել... ոչ մի դեպքում: Բոլոր նրանք, ում դու սիրում ես, միշտ քեզ հետ են՝ ուզում ես դու դա, թե ոչ: Ասա ինձ դա, ասա, որ հասկանամ վերջապես՝ հիմա միայն ես եմ խանգարում իմ երազանքին, որը համարյա իրականացել է: Եթե դու հիմա ծիծաղես, այն կիրականանա վերջապես: Նայիր ինձ, փոքրիկ: Ու ասա, որ ես մի շատ ծիծաղելի ապուշ եմ, որովհետև քիչ էր մնում հրաժարվեի իմ սեփական երազանքից:
Անձրևի ձայնը լռում է:
Էտյուդ՝ ժպիտ: Ծաղրածուն դեմքի տխուր արտահայտություն է ընդունում, հետո թաքցնում այն բռունցքի մեջ: Հետո ժպտում է ու ժպիտն էլ թաքցնում բռունցքի մեջ: Մեջքի հետևում խառնում է «ժպիտները», մեկնում հանդիսատեսին:  Հերթով փոխում դեմքի արտահայտությունները՝ տխուր-ուրախ-տխուր-ուրախ: Հետո ձևացնում, որ գլխին անձրև  է կաթում, վերցնում է անձրևանոցը, թաքնվում դրա տակ: Քիթը դուրս է հանում, նորից թաքնվում, ձեռքը դուրս հանում, թաքնվում: Հետո քայլ է անում, ձևացնում, որ սայթաքել է թաց գետնին, ընկնում ու իբր կորցնում ժպիտը: Հապշտապ ման է գալիս այն, ման գալիս: Վերջում գտնում, հագնում ժպիտը, ու անձրևանոցը պտտելով ուրախ գնում:




3 – Հրաժեշտ
Լսվում է մեքենաների աղմուկ, թռչող ինքնաթիռի ձայն: Հապշտապ ոտնաքայլեր, տեղաշարժվող առարկաների ձայներ:
Հերոսը նստած է իր սենյակում՝ հատակին: Գցում է գնդիկներից մեկը ու բռնում այն, գցում, ու նորից բռնում:
-Ես վերջապես հասկացա՝ ինչ էր կատարվում ինձ հետ: Ես վախենում էի: Վախենում էի կորցնել այն ամենը, ինչ ունեմ: Իմ պարող Երկրագնդիկը, սիրելի աչքերը, փոքրիկի լացը: Դրանք բոլորը իմն են, ու ես վախենում էի կորցնել նրանց: Օտարությունն ու դատարկությունը գալիս են միայն այն ժամանակ, երբ ոչինչ չունես սրտիդ մեջ թաքուն պահած: Այդ ժամանակ սկսում ես վախենալ՝ իսկ եթե ես օտա՞ր լինեմ, իսկ եթե մենա՞կ մնամ, իսկ եթե ծիծաղելի՞ լինեմ: Բայց ախր ծաղրածուն չի կարող վախենալ: Պատկերացրեք մի ծաղրածու, ով կանգնած է բեմի կենտրոնում ու վախենում է, որ մարդիկ հանկարծ կսկսեն ծիծաղել իր վրա: Հիմարություն է:
Ծիծաղեք, մի լավ ծիծաղեք: Ինձ նայելով՝ քաջալերվեք: Վաղը դուք կգնաք աշխատանքի ու այլևս չեք վախենա սրամիտ գործընկերների կծու-թթու կատակներից: Համարձակ կմտնեք գերադասի մոտ, ձեր առաջարկությունները կանեք, ու երբ նա կծիծաղի՝ նայելով ձեր գծագրերին, դուք կհասկանաք, որ սա ձեր կարիերայի սկիզբն է, ոչ թե վերջը: Պարզապես պետք չէ միանգամից թողնել ու դուրս գալ սենյակից, փակվել լոգարանում ու լաց լինել: Ոչ: Սպասեք ևս մի րոպե ու կտեսնեք՝ ամեն ինչ ձեր ուզածի պես է լինելու: Որովհետև դուք համարձակ եք:
Ծիծաղեք, որտեղ էլ լինեմ, նայելով ինձ՝ անպայման ծիծաղեք: Մի վարակվեք ուրիշի ծիծաղով, ձեր սեփականը ունեցեք: Ամեն մարդ պետք է իր ծիծաղը ունենա, ինչպես իր սեփական երազանքն է ունենում, իր սեփական երջանկությունը:
Իսկ ես այլևս չեմ վախենում: Հիմա ես գիտեմ՝ ուր էլ գնամ, ես չեմ կարող լինել օտար: Որովհետև իմ տունը ինձ հետ է: Իմ բոլոր ընկերները ինձ հետ են: Իմ բոլոր սերերը ինձ հետ են: Իմ մանկական խաղերը ինձ հետ են: Անձրևի տակ ծիծաղող բոլոր փոքրիկները ինձ հետ են: Նույնիսկ անգլերենի ուսուցչուհիս է ինձ հետ: Ու մի օր նա ինձ կասի՝ Go out, boy! Ու ես կհասկանամ, որ վերադառնալու ժամանակն է:
Այս ընթացքում Հերոսը բացում է ճամպրուկը, հանում շորերը, գրքերը, դնում իր թաշկինակները, գնդիկները, ծաղրածուական գլխարկը, զարթուցիչը:
Լսվում է հեռախոսի զանգը: Մոր ձայնը՝ այո, շնորհակալություն, մենք արդեն իջնում ենք: Տաքսին եկավ, շուտ արա:
Հերոսը շտապ փակում է ճապրուկը: Մի ձեռքով բարձրացնում այն, մյուսով վերցնում բացված անձրևանոցը: Դահլիճին:

-Ես ձեզ բոլորիդ ամուր փակել եմ այս ճամպրուկի մեջ: Հիմա ուր էլ գնանք, միասին ենք գնալու: Իսկ դա նշանակում է, որ այդ ինքնաթիռում այսօր մի ամբողջ Աշխարհ է երթևեկելու՝ հարազատ Աշխարհ: Դե ի՞նչ, գնացի՞նքՇրջվում է դեպի ելքը: Լույսը մարում է:

Комментариев нет:

Отправить комментарий

Я так думаю


Творческий подход
Это только окружающим кажется, что кто-то в чём-то соврал. Никто же не называет писателе лжецами, потому что это творческий процесс, требующий недюжинной фантазии и нестандартного мышления. И если какие-то бытовые моменты приукрасить забавными штрихами, то это не ложь и не манипуляция, это просто стиль жизни, который, к сожалению, не всегда понятен окружающим.

Пройти тест "Обман или фантазия?"

Возраст?


Состояние души

Молодость, зрелость — это всё возрастные категории. Вам ближе теория, что человек молод душой, а не телом. Увы, телесная оболочка изнашивается быстрее, чем жажда жизни и оптимистичный подход ко всем неурядицам и проискам судьбы. Идеальная старость — это путешествия, прыжки с парашютом и тусовки с теми, кто тебе интересен, а не с кем положено по возрасту. Достаточно посмотреть на новости, где такие люди представлены как уникумы… И вы ничем не хуже!

Пройти тест "Что такое молодость?"

Какой цвет у светофора?


Жёлтый
В зависимости от ситуации, сегодня вы можете быть легки на подъём, а завтра вас с места не сдвинешь. Для активных действий должно сложиться много факторов, чтобы вы решились на движение, но если уж всё сойдётся, то вы включитесь с увлечением и задором. С удовольствием поможете, если ваши собственные ресурсы это позволяют. Вы чётко знаете, когда можно рискнуть, а когда стоит остановиться. Поэтому в вашей компании и отдых, и работа проходят одинаково успешно.

Пройти тест "Какой цвет у светофора?"

Судьба? А что с ней делать?


Судьба
Самое важное в вашей жизни — это вы, поэтому все силы необходимо направлять на то, чтобы чувствовать радости этой самой жизни и быть счастливой. Но подковать судьбу непросто, потому что начинать надо с себя, работая над собственной личностью и днём, и ночью, постепенно, шаг за шагом, приближаясь к гармонии с окружающим миром, каким бы несовершенным он ни был.

Пройти тест "Кого подковать?"

В каком мире я живу?


В обыденном мире

Вам не откажешь в трезвом взгляде на происходящее. И людей вы оцениваете по мере своих возможностей точно, и в различных ситуациях видите и преимущества, и недостатки для себя. Порой позволяете себе расслабиться и надеть розовые очки, но также быстро от них избавляетесь, так как мир перестаёт восприниматься адекватно, что вызывает определённый дискомфорт.

Пройти тест "В каком мире вы живёте?"