Շագանակագույն...
Ինչ երկար բա՜ռ է...
Ինչ հիմար մարդիկ են...
Մարդիկ ինչ հիմա՜ր են,
Որ աշխարհի բազմատեսակ
Ու տարաշառավիղ
Բոլոր աչքերը
Կնքում են մի բառով՝
Շա-գա-նա-կա-գույն:
Եվ խաչբառային այդ երկար բառը
Դառել է բազմավանկ
«Ամեն»
Բոլոր աղոթքներում,
Որոնք վերաբերում են աչքերին:
Իսկ ձեզանից քանի՞սն են
Տեսել շագանակ:
Քանի՞սն են լսել կրակի ճթճթյունը,
Երբ շագանակները արդեն գրեթե սև են...
Չնայած
Կրակի պարագայում
Գուցե ես
Սխալվում եմ...
Գուցե այդ
Շագանակն է
Ճթճթում
Եվ ոչ թե կրակը...
Գուցե աշխարհում չորրորդ տարերքին
Բնավ վայել չէ՞
Ճթճթալը...
Ինչևէ...
Ես գրում էի աչքերի մասին:
Գիտե՞ս,
Քո աչքերը
Կոնյակի գույն ունեն:
Ես չեմ սիրում կոնյակ,
Բայց դրանից քո աչքերը
Ավելի վատը չեն դառնում...
Իսկ դու սիրո՞ւմ ես շոկոլադ:
Հարցնում եմ,
Որովհետև
Իմ աչքերը
Շոկոլադի գույնի են:
Իսկ նրանը գուցե սրճագո՞ւյն են:
Մյուսինը՝ էլի՞ ինչ-որ լավ խմիչքի գույնի,
Բայց ոչ կոնյակի...
...Ես գիտեմ, որ հիմա
Պարզապես թուղթ եմ մրոտում,
Իսկ հետո այս ամենը
Կոչելու եմ
Բա-նա-ստեղ-ծութ-յուն:
Եվ բազմավանկ այս բառը
Դառնալու է
«Օղորմի»
Իմ անկեղծորեն անտաղանդ
Ամեն տողի համար:
Բայց այնուամենայնիվ
Ես ուզում եմ ասել.
«Տեսնո՞ւմ ես.
Իմ ու քո աչքերում
Չկա տեղ
Շագանակաների համար»...
Комментариев нет:
Отправить комментарий