Երբ քաղաքը միացնում է իր արհեստական լույսերը, փողոցը բաժանվում է երկու մասի՝ սպիտակ ասֆլատապատ ձյուն և ձնապատ ծառեր, և սև անհյուրընկալ երկինք: Այնքան էլ հաճելի չի թափառել ամայի փողոցով այս մութ ու ցուրտ ժամին, բայց մյուս կողմից կարող ես հանգիստ գնահատել փողոցի լուռ գեղեցկությունը:
...Մեր թափառումը մի կարգին թափառում էլ չի, որովհետև մենք հստակ նպատակ ունենք՝ հասնել կանգառ ու այնտեղ բաժանվել՝ տուն հասնելու նպատակով: Բայց դու այսօր ինձ հետ ես, ու երևի դա է կարևորը: Ասում եմ՝ երևի, որովհետև աշխարհում հասատ էլի շատ ու շատ կարևոր բաներ կան, որոնք հիմա կենտրոնացել են այս սև-սպիտակ փողոցում: Ամեն դեպքում այդ կենտրոնացած կարևորությունը հիմա միայն սառած օդում կա ու գրեթե անիրական է: Իսկ դու իրական ես ու թափառում ես իմ կողքին:
Կանգառում էլեկտրական լամպերով լուսավորված մութ երկինքը բաժանվում է երկու մասի՝ սպիտակ փոքրիկ փաթիլներ և սև ագռավների մի աղմկոտ երամ: Դու հեռախոսով մեկ հայրիկին ես հանգստացնում, մեկ մայրիկին համոզում, որ շատ չանհանգստանա: Իսկ ես լսում եմ ագռավներին:
-Քո հետևից են եկել, գիտե՞ս, - ծիծաղելով ասում եմ, բայց դու ինձ չես լսում, զբաղված ես մայրիկին շատ կարևոր ինչ-որ բան բացատրելով:
Իսկ ագռավները կռում են ու կռկռում: Ու թարթիչներիս իջնող ձյունը արդեն այնքան էլ բարի չի թվում ինձ: Նա ծիծաղում է ինձ վրա, լեզու հանում ու հռհռում:
<<Քեզ ի՞նչ կա որ, երկու րոպեից տանը կլինես: Իսկ ընկերուհիդ դեռ պետք է տուն հասնի: Ի՞նչ ես կարծում, ագռավները նրան հանգիստ կթողնե՞ն>>:
Սև համարներով սպիտակ երթուղայինը զգույշ մոտենում է կանգառին: Դու սահուն համբույր ես դրոշմում սառած թշիս ու նստում մեքենան: Իսկ ես հայացքով ուղեկցում եմ քեզ՝ միաժամանակ աչքի պոչով հետևելով աղմկոտ երամին:
...Ես անհանգստանում եմ քեզ համար, բայց քիչ: Ես գիտեմ, որ ագռավները քեզ ոչինչ չեն կարող անել: Թող կռան, ինչքան ուզում են, դու ունես քո անմատույց աշխարհը ու ինձ:
Ասա, որ ճիշտ եմ անում, որ չեմ անհանգստանում: Ասա, որ եթե այս աշխարհում կա մի վայր, որտեղ կարող ես հանգստանալ, դու ես ու քո երևակայությունը: Ասա, որ ագռավների գլուխը մի լավ տարար ուրվականների մասին պատմություններով, ու որ մյուս անգամ նրանք երկար են մտածելու մեր գլխավերևում երամվելուց առաջ:
Комментариев нет:
Отправить комментарий