Անձրև էր, ու դա կարևոր էր...
Մենք չէինք ճանաչում իրար, այսինքն ծանոթ էինք շատ վաղուց: Հանդիպելիս միշտ խոսում էինք՝ առանց մի պահ լռելու, խոսում էինք այն բոլոր թեմաներից, որոնց շուրջ խոսում են բոլորը: Հետո հանկարծ բոլոր թեմաները վերջացան: Եվ մենք, մնալով մենակ, ստիպված լռեցինք...
...Ես կարոտել էի այդ լռությունը: Այդ անկեղծորեն ծանր ու ծանրորեն անկեղծ լռությունը, որը գալիս է այն ժամանակ, երբ ասելու շատ բան ունես, բայց չես ասում, որովհետև դրա կարիքը չկա...
...Նա նստեց պատուհանի մոտ, ինչպես միշտ: Երևի սիրում էր, ինչպես և ես, ինչպես շատերը, ինչպես համարյա բոլորը, ինչպես գուցե և բոլորը:
-Անձրև է գալիս, - ասաց նա:
Նա խախտեց լռությունը...
-Այո, - ասացի ես՝ որքան կարելի է սառն ու անտարբեր:
-Վատ եղանակ է, - ասաց նա:
Նա դարձյալ խախտեց լռությունը...
-Ինչո՞ւ մարդիկ, երբ խոսելու բան չունեն, եղանակից են խոսում, - բարկացա ես:
-Չգիտեմ, - զարմացավ նա՝ ուրախանալով, որ խոսելու թեմա է գտնվել:
-Իսկ ես գիտեմ:
Որովհետև մարդիկ վախենում են լռությունից: Որովհետև նրանց թվում է, որ եղանակը հետաքրքիր է բոլորին, և այն կգա ու կվռնդի լռությունը: Բայց նրանք չեն հասկանում, որ այդ լռությունը ամեն ինչ է: Եվ այն, որ երկինքը ամպամած է: Եվ այն, որ անձրև է գալիս: Եվ այն, որ Երկրի երեսին հիմա հարյուրավոր գույնզգույն անձրևանոցներ են բացվել, որոնցից ոմանք գուցե և սպիտակ, բայց անգույն չեն: Որովհետև սպիտակն էլ է գույն: Եվ սպիտակը բոլոր երազանքների գույնն է, նույնիսկ այն երազանքների, որ չեն իրականացել ու երբեք էլ չեն իրականանա:
Իսկ ինչո՞ւ են մարդիկ երազում: Որովհետև գիտեն, որ իրենց երզանքները չեն իրականանա: Որովհետև չեն ուզում, որ իրենց երազանքներն իրականանան: Որովհետև չեն ուզում, որ երազանքները իրականության մասը դառնան: Որովհետև ուզում են, որ երազանքները ուրիշ աշխարհում լինեն. ուր ապրում են միայն երազանքները, և անսահման լռություն է տիրում...
...Վերջապես մենք ճանաչում էինք իրար...
...Մենք լռում էինք...
...Կարևոր չէ, որ անձրև է...
Комментариев нет:
Отправить комментарий