Քսանմեկերորդ դարում ազնիվ մարդիկ անպայման պիտի անցնեն <<վերապատրաստման դասընթացներ>>, որտեղ կսովորեն գոնե մի քիչ ստորություն:
Այ մեր հարևանի անդրանիկ որդին, որը շատ շիտակ մարդ է, արդեն վաղվանից հաճախելու է այդ <<դասընթացներին>>: Նա արդեն սովորել է մի քանի կանոն. օրինակ, <<իսկական>> ստոր մարդը չպիտի լինի անուշ ու բարի, այլ պիտի լինի կծու, թթու և դառը:
Նրա կրտսեր եղբայրը երջանիկ ու զվարթ պատանի է: Սիրում է նկարել, և փոքր ժամանակ նկարել էր հետաքրքիր մի նկար` արփին` շրջապատված փոքրիկ աստղիկներով: Նա նունպես հաճախելու է այդ <<դասընթացներին>>, չնայած դեռ շա~տ երիտասարդ է:
Նրանց փոքրիկ քույրիկը շատ է սիրում ծաղիկներ, հատկապես վարդ, շուշան ու մեխակ: Նա մանուշակի պես համեստ աղջիկ է և չի ուզում մասնակցել այդպիսի դասերին: Սակայն շուտով բացվելու են <<ստորության դասընթացներ>> մանուկների համար, և նա ուզած-չուզած պիըտի սովորի: Խե~ղճ երեխա, երեկ հազիվ, լաց ու կոծով սովորեց առաջին կանոնը. նվեր մի տուր, նվեր վերցրու:
Հատուկ <<դասընթացներ>> կբացվեն ռազմիկների ու մարտիկների համար. չէ որ քաջերը պիտի սովորեն վահանի հետևում թաքնվել:
Այսօր արդեն բացվել է հատուկ <<դասարան>> աղջիկների համար, որտեղ աղջիկներին <<կյանք կսովորեցնեն>>: Օրինակ, աղջիկը չպիտի քնքուշ լինի, այլ պիտի լինի ալմաստի պես փայլուն ու կարծր:
Փայլակի արագությամբ տարածվեց նաև հատուկ <<տնային պայմանների>> համար նախատեսված դասընթացը, որը կսովորեցնի մարդկանց մի պարզ ճշմարտություն. ՄԱՐԴԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԱՌՆՈՒՄ, ԱՅՆՊԵՍ ՈՐ ՀԱՍՑՐԵՔ ԿՅԱՆՔԻՑ ՊՈԿԵԼ ՈՐՔԱՆ ԿԱՐԵԼԻ Է ՇԱՏ:
Իսկ նրանց, ովքեր կհրաժարվեն սովորել, կամ կբացակայեն դասերից, սպասում է ՀԱՏՈՒԿ բաց դաս աշխարհից կտրված մի ծովակի ափին, որտեղ նրանց կստիպեն սովորել ամենակարևորը. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԴԵՄ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ!!!!!!
Комментариев нет:
Отправить комментарий