Գիտե՞ս, ինձ քեզանից առաջ էլ են ասել, որ ես լավն եմ:
Մի կարծիր, որ գլուխ եմ գովում, բայց կյանքիս ճանապարհին ով էլ պատահեր, անպայման ասում էր, որ ես շատ լավն եմ:
Իհարկե, ես ոչ ոքի չէի հավատում: Ավելին, նույնիսկ մեղավոր էի զգում ինձ այդ <<կոմպլիմենտների>> համար. չգիտեմ ինչու, մտածում էի, որ խաբեբա եմ: Ախր ես շատ լավ գիտեմ, որ թերություններ ունեմ: Դրանք շա~տ-շատ են: Ուրեմն ինչպե՞ս կարողացա խաբել բոլորին, որ հիմա ինձ այդքան շատ են սիրում:
...Նրան, ով խաբում է, կարևոր է չխաբվել: Եթե չես հավատում ինքդ քեզ, արդեն չես կարող հավատալ և ոչ մեկին:
Բայց քեզ ես հավատացի: Չնայած, դու ոչ մի նոր բան ինձ չասեցիր:
Ինչպես և բոլորը, դու ասում էիր, որ ես շատ բարի եմ և շատ լուսավոր աչքեր ունեմ:
Ասում էիր այն, ինչ և բոլորը: Բայց ինչպե՞ս էիր ասում...
Ախր դու շատ խելացի էիր` խաբվելու համար, և չափազանց անկեղծ` խաբելու:
Ու ես հավատում էի քեզ...
Չար ու բարի լեզուները կասեն. <<Սիրահարվե~լ ես>>: Բայց ես ու դու հո լավ գիտենք, որ ոչ մի սեր մեր մեջ չկար և չէր կարող լինել:
Պարզապես մի բան կա այս աշխարհում, որ ես չգիտեի, բայց իմացա քո շնորհիվ:
Գաղտնիք եմ բացում քեզ, ու չեմ զարմանա, եթե պարզվի, որ դու այն արդեն գիտես: Գաղտնիք եմ բացում քեզ. մարդուն պետք է մեկը, ում նա կարող է հավատալ: Մեկը, ով ասի. <<Բարի ես>>, ու դու հավատաս, որ բարի լինես: Որովհետև այսպես խաբելով ու ոչ ոքի չհավատալով` հեռու չես գնա:
Դու ասում էիր. <<Լավն ես>>, ու ես հավատում էի քեզ ու մի պահ ինձ իսկապես բարի էի զգում:
Չէ, ինձ պետք չէ, որ բոլորը ինձ դա ասեն, միևնույն է չեմ հավատալու: Բայց եթե դու ասես, նորից ու նորից կհավատամ, որովհետև ինձ հավատալ է պետք: Առանց դրա հնարավոր չէ:
Իսկ սերը... Գիտեմ, որ ինձ շատ ես սիրում` առանց սիրելու: Ոչ մի հույս, ոչ մի պահանջ, ոչ մի ակնարկ... Ես էլ եմ քեզ այդպես սիրում. առանց սիրելու...
Բազմակետը լավ ավարտ է: Այն նշանակում է, որ ոչինչ չի ավարտվել, դեռ շարունակություն կա:
Ի՞նչ ես ասում, դնե՞մ բազմակետ մեր պատմության վերջում: Թե՞ վերջակետ դնեմ, որ բոլորին թվա, որ երջանիկ ավարտ ունեցավ մեր անավարտ պատմությունը:
Արի այդպես էլ անեմ: Միևնույն է արդեն երբեք չեմ ազատվի այն մտքից, որ խաբում եմ մարդկանց: Իսկ եթե խաբում եմ, իսկապես կխաբեմ, ոչ թե ստից. սուտը չեմ սիրում:
Վերջակետ կդնեմ, որ բոլորին թվա, որ մեր պատմությունը երջանիկ ավարտ ունի: <<Սիրահարվե~լ ես>>, - կծիծաղեն չար ու բարի լեզուները: Այդպես մտածեք, եթե ուզում եք: Իսկ ես կմտածեմ, որ նորից խաբել եմ ձեզ, և դա այնքա~ն հեշտ էր:
Իսկ դու մի խաբվիր: Դու հո գիտես, որ մեր պատմության վերջում բազմակետ է...
Դնում եմ վերջակետ:
Комментариев нет:
Отправить комментарий