Կյանքը ճանապարհ է, իսկ 21-րդ դարում` նույնիսկ ասֆալտապատ ճանապարհ:
Ինչո՞ւ ասֆալտապատ:
Որովհետև այս դարում երթևեկում են մեքենաներով: Դուք մեքենա չունե՞ք: Ուրեմն կունենաք: Հաստատ իմացեք` վաղ թե ուշ մեքենա կունենաք: Իսկ քանի դեռ չունեք, զգույշ եղեք, մի խախտեք ճանապարհային երթևեկության կանոնները:
Ափսոս, այս ճանապարհին լուսաֆորներ չկան: Թե չէ մարդիկ հաստատ կիմանային, երբ կանգնեն, երբ գնան: Իսկ երբ լուսաֆոր չկա, ստիպված ես ինքդ մտածել: Մի լուսաֆորն ի՞նչ է, որ չկարողացանք դնել մեր կյանքի ճանապարհին:
Լավ, հիմա չկա, չկա: Հո չե՞նք կանգնելու ճանապարհի սկզբում: Ուզես-չուզես, պիտի անցնես այն:
Ես կյանքի ճանապարհը անցումով եմ անցնում: Չէ~, չկարծեք, որ լուսաֆորի պակասն եմ զգում: Մանկուց սիրել եմ կարմիր գույնը: Դա չէ խնդիրը: Պարզապես, երբ անցումով ես անցնում ճանապարհդ, կյանքդ բաժանվում է սև ու սպիտակ գծերի:
Սև ու սպիտակ:
Երբ սպիտակ գծին եմ կանգնած, արևն ավելի վա՞ռ է շողում: Մարդիկ ավելի բարի՞ են դառնում: Չէ~, մարդիկ չեն փոխվում: Ես եմ փոխվում: Մի բան ջերմացնում է ինձ, և ինձ թվում է, որ դա արևն է: Մինչդեռ դա սովորական մարդասիրությունն է: Մի բան ժպտում է ինձ, և ինձ թվում է, որ մարդիկ ավելի բարի են դարձել: Մինչդեռ իրականում դա սովորական լավատեսությունն է:
Երբ հասնում եմ սև գծին, հիշում եմ, ինչ է հիասթափությունը: Հանկարծ հասկանում եմ, որ պետք չէ բարի ու հոգատար լինել, որովհետև բարությունն ու հոգատարությունը հորինել են չար ու եսասեր մարդիկ: Այո, այո, հենց նրանք են հորինել, հորինել են, որ միայն իրենք լինեն չար ու եսասեր, իսկ մնացածները` <<երջանիկ ապուշի>> ժպիտն երեսին, սպասարկեն նրանց և ուրախանան, որ բարի ու հոգատար ապուշներ են:
Ո՞վ է գծել իմ կյանքի ճանապարհի անցումը:
Երևի սպիտակ ներկը քիչ էր, դրա համար են կյանքում ավելի շատ սև գծերը: Բայց պատկերացրեք, ինչ կլիներ, եթե ես անցումով չանցնեի ճանապարհս, այլ կտրեի այն մի անկանոն մեջտեղից: Պատկերացնո՞ւմ եք, սպիտակ գծեր այլևս չէին լինի: Ամբողջ չանապարհը կլիներ սև: Միայն մեջտեղում կլիներ մի մաշված-ջնջված բարակ սպիտակ գիծ, որը բաժանում է ավտոմեքենաները:
Դրա համար եմ ասում. հետևեք ճանապարհային երթևեկության կանոններին:
Մի բան էլ, երբ մեքենա ունենաք ու շտապեք կյանքի ճանապարհով, մի մոռացեք, որ ձեր ճանապարհին անցումներ կան, կան սպիտակ գծեր, պարզապես դուք նրանց չեք տեսնում...
Комментариев нет:
Отправить комментарий