Զանգակներ, զանգակներ, զանգակներ,
Զանգակներ են անուշ ղողանջում,
Փաթիլներ, փաթիլներ, փաթիլներ,
Երկնքից փաթիլներ են իջնում:
Երեք մոմ է միայն, որ հիմա
Գիշերվա մթությունն են ճեղքում,
Եվ ըզգույշ քո քայլերն են ահա
Կամացուկ անկողնուս մոտենում:
Գուրգուրում ես դու ինձ, համբուրում
Եվ փարվում ես մեղմիվ քնքշությամբ,
Ինչպես միշտ իմ վերմակն ես ուղղում,
Ինչպես միշտ հեռանում զգուշությամբ:
Եվ ուղղվում ես դեպի լուսամուտ
Ու նայում աստղազարդ երկնքին,
Եվ ժպտում են աչքերդ թախծոտ
Երկնքի պսպղուն աչերին:
Եվ աստղերը` հեռու ու անհաս,
Քեզ շողում են` բարև բերելով,
Երեք մոմ են միայն, որ հիմա
Քեզ ընկեր են դարձել գիշերով:
Եվ տոնում ես դու լուռ, թախծալի
Նոր տարի, նոր հույսեր ու հոգսեր,
Եվ կրկին քեզ հանգիստ չեն տալիս
Քո սրտի անհամբեր դոփյուններ:
Նոր տարի նորանոր հույսերով,
Նոր փափագ, երազանք ու երազ,
Ու ժպտում ես դու` ինձ նայելով,
Ու հասնում աստղերին այն անհաս:
Զանգակներ, զանգակներ, զանգակներ,
Զանգակներ են անուշ ղողանջում,
Փաթիլներ, փաթիլներ, փաթիլներ,
Երկնքից փաթիլներ են իջնում:
Комментариев нет:
Отправить комментарий