Ծխե՞լ, թե չծխե՞լ. այս հարցը հիմա շատ մոդայիկ է:
Ինչ վերաբերում է ինձ, ասեմ, որ մանկուց ծխախոտի ծուխ եմ տեսել: Մեր ընտանիքում ծխում էին բոլորը, բացառությամբ, իհարկե, տատիկի. տատիկները առհասարակ չեն ծխում:
Կար ժամանակ, երբ ես սիրում էի ծխախոտի ծուխը: Երբ մայրիկը գնում էր պատշգամբ` մեզնից հեռու ծխելու համար, ես գնում էի, կանգնում հենց նրա կողքին ու շնչում այդ ծուխը: Այն ուներ շատ քաղցր հոտ, և ինչ-որ տարօրինակ թարմության զգացողություն էր մնում նարնից հետո:
Բայց հետո ինչ-որ բան փոխվեց: Ես սկսեցի զզվել ծխախոտի ծխից:
Այն ունի իր յուրահատուկ հոտը: Ծխելուց հետո ծխողն անպայման ստանում է այն: Չի կարելի ասել, որ այն տհաճ է: Մանավանդ ինձ համար, որ ամբողջ կյանքի ընթացքում արդեն հասցրել էի սովորել դրան:
Բայց եկավ մի պահ, և ես սկսեցի զզվել... Ծխախոտից էլ, ծխախոտի ծխից էլ, այդ հոտից էլ: Հենց տեսնում էի, որ մոտակայքում մեկն ուզում է ծխել, տասը կիլոմետր փախչում էի նրանից. դե, մարդուն չեմ կարող արգելել ծխել, բայց որ զզվում եմ, ի՞նչ մեղք ունեմ:
...Նա էլ էր ծխում...
Շատ էր ծխում: Ես Նրան ճանաչում էի հենց ծխախոտի այդ հոտով: Նա մոտենում էր հետևից, իսկ ես արդեն գիտեի, որ Նա է:
Տարօրինակ է: Նույն ծուխն էր, ծխախոտի նույն հոտը: Բայց երբ Նա էր մոտենում, ամեն ինչ փոխվում էր: Ես սկսում էի սիրել այդ ծուխը, հոտը, ծխախոտը: Ես սիրում էի Նրան... Եվ այդքանն արդեն բավական էր:
...Մի անգամ ընկերներիցս մեկն ասաց, որ կանանց սազում է ծխելը, դա նրանց կանացիություն է հաղորդում:
Հետաքրքիր է, ի՞նչ կասեր Նա, եթե իմանար, որ ծխում եմ: Կասե՞ր, որ ավելի կանացի եմ դարձել, թե՞ կջղայնանար: Համենայն դեպս ես ջղայնանում էի, երբ տեսնում էի ծխախոտը Նրա ձեռքին: Չէի զզվում, չէ, ոչ էլ կարող էի արգելել, բայց միևնույն է ջղայնանում էի:
Շա~տ էր ծխում: Եվ Նրա համբույրներն արդեն ծխախոտի հոտ էին ստացել: Եվ Նրա խոսքերն արդեն ծխախոտի հոտն ունեին: Հետաքրքիր է, Նրա սերն է՞լ էր ծխախոտի հոտով օծված:
Ի՞նչ կասեիր, հը՞, եթե սկսեի ծխել: Կասեի՞ր, որ ավելի կանացի եմ: Կջղայնանայի՞ր: Կասեի՞ր, որ ինձ այսպիսին էլ ես սիրում: Թե՞ հեգնորեն կժպտայիր ու կասեիր. <<Բարի գալուստ մեր ակումբը>>:
Ափսոս, ես դա չիմացա:
Հիմա, երբ Նա ինձ այլևս չի սիրում, ես էլ Նրան չեմ սիրում, նորից սիրել եմ ծխախոտի ծուխը: Եվ երբ մայրիկը գնում է պատշգամբ` մեզանից հեռու ծխելու, ես գնում եմ նրա հետևից, կանգնում նրա կողքին ու շնչում այդ ծուխը:
Հետաքրքիր է, ավելի կանացի՞ եմ այդ պահերին:
Комментариев нет:
Отправить комментарий